Ռուսաստանի տարբեր շրջաններում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 26-ի գիշերը Ռուսաստանի տարածքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Տուլայի, Լիպեցկի, Վորոնեժի, Տամբովի, Ռյազանի, Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի տարածքում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 10 ԱԹՍ է խոցվել։
Գիշերվա ընթացքում «Ռոսավիացիան» սահմանափակել էր Պենզայի, «Դոմոդեդովո», «Ժուկովսկի», Սարատովի, Սարանսկի, Չեբոկսարիի, Նիժնի Նովգորոդի, Կազանի և Յարոսլավլի օդանավակայանների աշխատանքը։ Ներկայում բոլոր օդանավակայանները գործում են բնականոն ռեժիմով։
Օգոստոսի 25-ին ՌԴ ՀՕՊ ուժերը Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի և Ռոստովի մարզերի, ինչպես նաև Սև ծովի ջրային տարածքի վրա խոցել էին ևս 39 ուկրաինական ԱԹՍ։ Իսկ օգոստոսի 25-ի գիշերը Ռուսաստանի շրջանների և ծովային տարածքների վրա ոչնչացվել էր 148 անօդաչու։
