Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում
Թուրքիայի կրթության նախարարության նոր որոշմամբ՝ այդ երկրում գտնվող Հայաստանի քաղաքացի երեխաներն այլևս չեն կարողանալու կրթություն ստանալ հայկական փոքրամասնական դպրոցներում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
Շուրջ տասը տարի հայաստանցի այս երեխաներին, ում ծնողները Թուրքայում ունեն աշխատանքի կամ բնակության իրավունք, թուրքական իշխանությունները «հյուր-աշակերտի» կարգավիճակով թույլատրում էին կրթություն ստանալ Ստամբուլի հայկական դպրոցներում։ Այստեղ երեխաները, թուրքահայ երեխաների հետ կողք կողքի, մասնակցում էին բոլոր դասընթացներին, հանձնում էին քննութուններ, սակայն պաշտոնական ավարտական վկայական չէին ստանում։ Փոխարենը, նրանց էր հանձնվում ավարտական գնահատականները պարունակող փաստաթուղթ։
Սակայն Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները օրերս տեղեկացրել են հայկական դպրոցներին, որ նրանց հարկի տակ հայաստանցի երեխաներն այլևս չեն կարող շարունակել ուսումը։ Փոխարենը, նոր որոշման համաձայն՝ այդ երեխաները պետք է կրթություն ստանան թուրքական պետական դպրոցներում։
Նախարարության նոր որոշումը չի վերաբերում միայն հայկական դպրոցներին և հայաստանցի երեխաներին։ «Նախարարությունն ուրիշ փոքրամասնական դպրոցների պարագայում ունեցել է որոշ դիտարկումներ, որոնց հիման վրա միջամտության անհրաժետություն է զգացել։ Եվ դրա հիման վրա ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանից արտագաղթած ընտանիքների երեխաները, որոնք մեր դպրոցներ են հաճախում «հյուր-աշակերտի» կարգավիճակով, զրկվում են այդ հնարավորությունից»,- ասաց Գոչունյանը։
Նա մանրամասնեց, որ տվյալ պարագայում խոսքը միայն հայկական համայնքային դպրոցների մասին է և չի վերաբերում Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» դպրոցին։ 2000-ականների սկզբից գործող այս դպրոցում, որը չի ճանաչվում Թուրքիայի իշխանությունների կողմից ու չունի որևէ կարգավիճակ, կրթություն են ստանում Թուրքիայում ժամանակավոր բնակություն հաստատած հայաստանցի միգրանտների երեխաները: Այստեղ կրթությունն իրականացվում է հայկական դասագրքերով՝ Հայաստանի կրթական ծրագրի համապատասխան։
«Հրանտ Դինք» դպրոցն ավարտող երեխաները հնարավորություն են ստանում գալ Հայաստան ու քննություն տալուց հետո շարունակել կրթությունը Հայաստանում։ Իսկ փոքրամասնական դպրոց հաճախող երեխաները չունեն ոչ մի կարգավիճակ և անգամ պաշտոնական դիպլոմ չեն ստանում։ Թեպետ անգամ գնահատականները փաստող թղթի առկայությունը Հայաստանում հաճախ խնդիրներ է առաջացնում այդ երեխաների կրթությունը շարունակելու տեսանկյունից, այդուհանդերձ, հայաստանցի այս երեխաները Ստամբուլում ինչ-որ ձևով կրթական միջավայրում գտնվելու հնարավորություն էին ունենում»,- նշեց Գոչունյանը։
Նա տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ օգոստոսի 24-ին Թուրքիայի հայկական վաքըֆների՝ հիմնադրամների միությունը հանդիպում է անցկացնելու, որին մասնակցելու են դպրոց ունեցող բոլոր հիմնադրամների ներկայացուցիչները։ Ակնկալվում է, որ հանդիպմանը մասնակիցները փորձելու են քննարկել ստեղծված իրավիճակում ելքեր գտնելու հնարավորությունը։
Ստամբուլի հայկական վարժարաններում սովորում են մինչև 3000 երեխաներ, որոնցից մոտ 70-ը Հայաստանի քաղաքացիներ են և մինչև այսօր կրթություն են ստանցել «հյուր-աշակերտի» կարգավիճակով։
«Ընդ որում, «հյուր-աշակերտի» կարգավիճակով դպրոց հաճախելու պարագան էլ տեղի էր ունենում Թուրքիայի իշխանությունների թույլտվությամբ։ Հիմա համայնքային վարիչները փորձում են ուսումնասիրել խնդրի զանազան ծալքերը և առաջարկներ ներկայացնել իշխանություններին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարելի է լուծում տալ հարցին»,- նկատեց Գոչունյանը։
Նա հայտնեց նաև, որ օգոստոսի 24-ի հանդիպումից հետո հայկական համայնքը ներկայացնող պատվիրակությունը կարող է նախաձեռնել այցելություն Ստամբուլի նահանգապետարան՝ այնտեղ բարձրացնելու համայնքին մտահոգող այս հարցը։
