ԱՄՆ դատարանը չեղարկել է Թրամփի վարչակազմի՝ 75 երկրի քաղաքացիների ներգաղթային վիզաների սահմանափակումը
ԱՄՆ դաշնային դատարանը չեղարկել է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որով դադարեցվել էր 75 երկրի քաղաքացիների համար ներգաղթային վիզաների տրամադրումը։ CNN-ի փոխանցմամբ Դատարանը եզրակացրել է, որ այդ որոշումը հակասում է օրենքին և գերազանցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին օրենքով տրված լիազորությունները։
Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարանի դատավոր Ջանեթ Վարգասը օգոստոսի 21-ին որոշել է, որ Պետդեպարտամենտի՝ հունվարին սահմանած քաղաքականությունը «ակնհայտորեն անօրինական» է։ Նրա գնահատմամբ՝ դաշնային ներգաղթային օրենսդրությունը թույլ չի տալիս պետքարտուղարին ամբողջ երկրների քաղաքացիների նկատմամբ կանխորոշել հյուպատոսական աշխատակիցների որոշումները։
Խոսքը վերաբերում է հենց ներգաղթային վիզաներին, որոնք նախատեսված են ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու համար։ Սահմանափակումը չէր տարածվում զբոսաշրջային, ուսանողական և այլ ոչ ներգաղթային վիզաների վրա։
Պետդեպարտամենտը 2026 թվականի հունվարին դադարեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը աշխարհի երկրների գրեթե 40%-ի քաղաքացիների համար։ Ցանկում ներառված էին, մասնավորապես, Ռուսաստանը, Բրազիլիան, Կոլումբիան, Եգիպտոսը, Հայիթին, Սոմալին, Պակիստանը, Բանգլադեշը, Բոսնիա և Հերցեգովինան ու Ալբանիան։ Սահմանափակումները վերաբերում էին նաև Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Կարիբյան և Ասիայի բազմաթիվ այլ պետությունների քաղաքացիների։
Թրամփի վարչակազմը որոշումը հիմնավորում էր այսպես կոչված «public charge»՝ պետական աջակցությունից կախվածության վտանգով։ Պետդեպարտամենտը պնդում էր, որ նշված երկրների քաղաքացիները բարձր հավանականությամբ կարող են ԱՄՆ-ում օգտվել սոցիալական նպաստներից և պետական ծրագրերից։
ԱՄՆ օրենսդրությամբ ներգաղթային վիզայի դիմորդը կարող է մերժում ստանալ, եթե գնահատվում է, որ ապագայում կարող է հիմնականում կախված լինել պետական աջակցությունից։ Սակայն նման որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր անձի համար առանձին՝ հաշվի առնելով նրա ֆինանսական վիճակը, տարիքը, առողջությունը, մասնագիտական հմտությունները և ընտանեկան հանգամանքները։
Դատարանը պարզել է, որ նոր քաղաքականության պայմաններում հյուպատոսական աշխատակիցները փաստացի պարտավոր էին մերժել նշված 75 երկրների քաղաքացիների դիմումները՝ անկախ անհատական հանգամանքներից։ Նույնիսկ այն դեպքում, երբ դիմորդը լրացուցիչ փաստաթղթերով ապացուցում էր, որ կարող է ինքնուրույն ապահովել իրեն, մերժումը կարող էր մնալ ուժի մեջ։
Վարգասի որոշմամբ չեղարկվել են նաև այն մերժումները, որոնք հիմնված են եղել բացառապես այս սահմանափակման վրա։ Եթե վիզայի մերժման համար գոյություն են ունեցել այլ իրավական հիմքեր, այդ որոշումները շարունակում են ուժի մեջ մնալ։
Դատարանն ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ի 1965 թվականի Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքը արգելում է ներգաղթային վիզաների տրամադրման ժամանակ խտրականություն կիրառել միայն դիմորդի ազգության կամ ծագման երկրի հիման վրա։ Դատավորի գնահատմամբ՝ 75 երկրների նկատմամբ համընդհանուր սահմանափակումը հակասել է հենց այդ սկզբունքին։
Դատական հայցը ներկայացրել էին ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Catholic Legal Immigration Network-ը և African Communities Together-ը, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիներ և վիզայի դիմորդներ, որոնց ընտանիքների վերամիավորումը խոչընդոտվել էր սահմանափակման պատճառով։
Թրամփի վարչակազմը կարող է բողոքարկել դատարանի որոշումը։ Դատավոր Վարգասը կողմերին մինչև սեպտեմբերի 11-ը ժամանակ է տվել՝ ներկայացնելու առաջարկներ գործի մնացած հարցերի կարգավորման վերաբերյալ։
