Ինչու են իշխանության կառույցներից դուրս մղվում «քաղաքացիական հասարակության» կադրերը. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․
«2018 թվականից ի վեր մի հետաքրքիր օրինաչափություն է դիտարկվում։ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված 《քաղաքացիական հասարության》կադրերից, որոնք 2018-ին հանրային մոբիլիզացիայի գործում զգալի դերակատարություն էին ունեցել։ Վերջին նման դեպքերից էր ԱԽ քարտուղարի պաշտոնազրկումը, իսկ ԱԺ ֆրակցիայիում նրանք արդեն իսպառ բացակայում են։
Ո՞րն է պատճառը։
Մինչև հեղափոխությունը ՀԿ-ները ընդդիմության համար եղել են կարևոր ռեսուրս՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու,
ընտրությունները վերահսկելու,
իրավաբանական օգնություն տրամադրելու,
անկախ լրատվամիջոցներին աջակցելու,
միջազգային կապեր ապահովելու,
հասարակության մոբիլիզացման համար։
Իսկ իշխանության գալուց հետո նոր կառավարությունն արդեն ունի իր կողմից վերահսկվող եւ միայն իրեն ծառայող գործիքներ։
ՀԿ-ներն ունեն այն, ինչից կենտրոնացված իշխանությունը հատկապես վախենում է՝ դրսից կառավարվող ռեսուրսներ։
Եթե կազմակերպություններն ունեն
տարածաշրջանային մասնաճյուղեր,
միջազգային կապեր, արտասահմանյան ֆինանսավորում, սեփական լրատվական ռեսուրսներ, իրավաբանների ցանց, ապա այն կարող է կազմակերպել բողոքի շարժում արդեն այն իշխանության դեմ, որի իշխանության գալուն նախկինում աջակցել էր։
Ուստի, ավտորիտար առաջնորդի համար տրամաբանությունը կարող է լինել շատ պարզ. – եթե այս ցանցը կարողացավ տապալել նախորդ իշխանությանն, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել իմ հետ։
Օտարերկրյա ֆինանսավորումը վերածվում է քաղաքական խոցելիության։ Քանի դեռ ՀԿ-ները պայքարում են նախկին իշխանության դեմ, օտարերկրյա ֆինանսավորումը կարող է ներկայացվել որպես ժողովրդավարացման աջակցություն, բայց իշխանափոխությունից հետո իշխանությունը կարող է օգտագործել այլ փաստարկ. – դուք ֆինանսավորվում եք օտարերկրյա պետություններից և կազմակերպություններից, հետևաբար կարող եք երկրի ներսում ներկայացնել նրանց շահերը։
Գաղափարական կոնֆլիկտ
Նոր իշխանությունը փորձում է մենաշնորհել քաղաքական լեգիտիմությունը, արդյունքում առաջանում է մրցակցություն.
– ՀԿ-ներ, – «Մենք ներկայացնում ենք քաղաքացիական հասարակությանը»։
– Կառավարություն, -«Ո՛չ, ժողովուրդը մեզ է ընտրել, հետևաբար հենց մենք ենք ներկայացնում հասարակությանը»։
Եթե ՀԿ-ները շարունակում են հրապարակայնորեն քննադատել կառավարությանն, առաջանում է երկու տարբեր լեգիտիմությունների մրցակցություն։
Նման պարագաներում այդ ՀԿ-ներին մնում է մեկ ելք արտաքին ֆինանսավորումը պահպանելու, սակայն գործող իշխանության կողմից հանդուրժվելու համար. օգտագործվել արտաքին նպատակների համար, այսինքն քաղաքացիական արժեքները պաշտպանել ոչ թե իշխանության անօրինականություններից, այլ ժողովրդավարության համար արտաքին վտանգներից` մի որևէ երկրի դեմ պրոպագանդա իրականացնելուն, այսինքը դառնալ աշխարհաքաղաքական գործիք։
Նման պայմաններում առաջանում է բովանդակային հակասություն, որի արդյունքում նրանց սկսում է փոխարինել արդեն ազգային օրակարգով նոր քաղաքացիական հասարակությունը»։
