Կաշառքի և փողերի լվացման մեղադրանքով Նատալյա Լափաուրին չի կալանավորվել.որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված գրավով
Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին, ով ձերբակալվել էր կաշառքի և փողերի լվացման մեղադրանքով, չի կալանավորվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված գրավով։ Չի կալանավորվել նաև փորձագետ Դավիթ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին և նույն ծրագրի փորձագետ Դավիթ Մելքոնյանը ձերբակալվել են նախօրեին՝ ՀԿԿ-ում քննվող վարույթի շրջանակներում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վարույթով հարցաքննվել է նաև փորձագետ Դավիթ Հակոբյանը, որը Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնի պետն է:
Լափաուրին մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, Մելքոնյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված՝ Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքն ու 20 մլն ՀՀ դրամի գրավը։ Ծրագրի փորձագետի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
