Հնարավոր է՝ առկա են եղել արտադատավարական գործըթացներ, հարկային տեսուչներին պետք է հարցաքննել. Սամվել Կարապետյանի պաշտպան
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ շարունակվում է հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի պարզման հարցը։
Նախորդ նիստին պաշտպանության կողմը միջնորդել էր հարցաքննել ՊԵԿ տեսուչներին, քննչական խմբի ղեկավարին, լեզվաբան-փորձագետներին։
Այսօրվա նիստին մեղադրող Արգամ Դալլաքյանն առարկեց՝ պատճառաբանելով, թե ստուգողներին հարցաքննելու կարիք չկա, ստուգման ակտը հետազոտելը բավարար է։
Նշենք, որ ստուգման ակտը վերաբերում է հարկային ենթադրյալ չարաշահումների դրվագին։
Մեղադրողի առարկությունը մի քանի շեշտադրում ուներ.վերոնշյալից բացի մեղադրողը նշեց, որ այդ հարցն այս փուլում չպետք է քննարկվի։
Պաշտպանները, սակայն, շարունակեցին պնդել այդ անձանց հարցաքննության անհրաժեշտությունը։ Արշակ Վարդանյանը հայտնեց, որ պատրաստվում են միջնորդել՝ արտավարութային փաստաթուղթ ստուգման ակտն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ, քանի որ տվյալները կարող են ստացվել միայն դատահաշվապահական փորձաքննությամբ, ինչը չի իրականացվել։ Տրված ելակետային տվյալները ստացվել են ոչ պատշաճ սուբյեկտի կողմից։
Նախագահողի հարցին ի պատասխան Արշակ Վարդանյանը նշեց, որ մինչդատական փուլում իրենց հնարավոր բոլոր իրավունքները խախտվել են, այժմ դատական քննության փուլում փորձում են իրացնել օրենքով սահմանված իրավունքները։ Նա նկատեց, որ ստուգման ակտի՝ անթույլատրելի ապացույց լինելու հարցը հայտնի էր թե քննիչին, թե մեղադրողին, բայց դա չի խոչընդոտել, որ ստուգման ակտը ճանաչվի «ապացույց», ինչն առանցքային է մեղադրանքի «հարկային չարաշահման» դրվագի համար։ Ռուբեն Հակոբյանն ընդգծեց՝ Կարապետյանը նույնիսկ տեսականորեն կապ անգամ չէր կարող ունենալ այդ մեղադրանքի հետ, իսկ մեղադրողի պնդումը, թե ստուգման ակտը կազմողներին հարցաքննելով որևէ այլ բան չի կարող պարզվել, քան այն, ինչ նշված է ակտում, նրանք ծանոթացել են նախաքննական մարմնի նյութերին՝ էլ ավելի շատ մտահոգությունների տեղիք է առաջացնում և էլ ավելի հիմնավորում, որ պետք է հարցաքննվեն այդ անձինք։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը ստուգման ակտը գնահատեց ոչ միայն ապօրինի, այլև կասկածելի։ Պաշտպանը մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է՝ առկա են արտադատավարական գործըթացներ, անգամ համոզված է՝ որևէ ստուգում չի էլ եղել։ Պաշտպան Արմեն Ֆերոյանն էլ կարևորեց տեսուչների հարցաքննությունը՝ նկատելով, որ նրանք կարող են նաև դատարանում հայտարարել, որ իրենց ասել են՝ նման ակտ կազմել։ Ֆերոյանը նաև Կարապետյանի տնային կալանքը գնահատեց ակնհայտ ապօրինի։ Պաշտպանը նաև առաջարկեց հնարավորինս շուտ անցնել վկաների հարցաքննությանը՝ քննարկման առարկա դարձնելու Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։
Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թ. հունիսի 18-ին։ Նա նախ արգելանքի է վերցվել ի պաշտպանություն ՀԱՍԵ հայտարարության համար, ինչն իրավապահները դիտարկել են որպես իշխանության զավթման կոչ։ Ընդ որում, այդ ողջ գործընթացն, այդ թվում՝ Կարապետյանի տան խուզարկությունները, ձերբակալությունն, ուղեկցվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով։
Հետագայում Կարապետյանի մեղադրանքը լրացվել է, ավելացվել է նաև տնտեսական բնույթի մեղադրանք՝ իբրև փողերի լվացման վերաբերյալ, որով, սակայն, դատարանը հաստատված չի համարել հիմնավոր կասկածը։
Հետագայում իրավապահները որոշել են ևս մեկ դրվագ ավելացնել՝ փողերի լվացման վերաբերյալ։ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
Այժմ գործից մաս է անջատվել և ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ Դատարանում քննվող վարույթով մեղադրյալի կարգավիճակում են նաև Վլադիմիր Թարջումանյանը և Անդրանիկ Խաչատրյանը։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված վարչական հսկողությունը։
