Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ․ քաղաքացին բերման ենթարկվեց
ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր լարված իրավիճակ է ստեղծվել։ Վարդաշենի վթարային հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց ապահովել պատշաճ բնակարաններով։
Բողոքի մասնակիցների խոսքով՝ իշխանություններն իրենց առաջարկում են 1-սենյականոց բնակարանի համար 7.8 մլն, իսկ 2-սենյականի համար՝ 9 մլն դրամ, ինչը, նրանց պնդմամբ, բավարար չէ Երևանում բնակարան ձեռք բերելու համար։ Նրանք հրաժարվում են առաջարկվող փոխհատուցումից և պահանջում են իրենց բնակելի տարածքի չափին համապատասխան բնակարաններ։
Ակցիայի ընթացքում ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց է տեղի ունեցել։ Դրա հետևանքով իրավապահները բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ տղամարդը միջադեպի ժամանակ հարվածել է ոստիկանին։
Դեպքից հետո տղամարդու մոր ինքնազգացողությունը վատացել է, և դեպքի վայր է կանչվել շտապօգնություն։ Ոստիկանությունից հայտնել են, որ բերման ենթարկված քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության համայնքային բաժին։
