ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան
Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործի հարուցումն ու դատարան կանչը աննախադեպ են նույնիսկ բոլշևիկյան իշխանության համար։ Այդ մասին դատարանի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը։
Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ սկսած սելջուկների ժամանակաշրջանից՝ հայ եկեղեցու առաջնորդը երբեք դատարանի առաջ չի կանգնել։ Մեծ ցավ ու ամոթ է մյուսների համար, իսկ կատարվողը համահունչ է մեր հայրենիքի սահմաններից դուրս հնչող բազմաթիվ պահանջներին, ընդգծել է արքեպիսկոպոսը՝ հիշեցնելով Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված պահանջները Հայաստանի իշխանություններին՝ ազատվել Հայ Առաքելական եկեղեցու և Սփյուռքի ազդեցությունից։
Նա համառոտ հիշեցրել է, թե ինչից սկսվեց Կաթողիկոսի և բարձրաստիճան վեց հոգևորականների նկատմամբ հետապնդումը։ Արքեպիսկոպոսի գնահատմամբ՝ իշխանությունների նպատակը Ավստրիայում Եպիսկոպոսական խորհրդի անցկացումը խոչընդոտելն էր։ Չնայած իշխանությունների փորձերին՝ խորհուրդը կայացավ և իր խոսքն ասաց։ «Բառացիորեն մի քանի օրվա ընթացքում ընդունվեց (Սարոյանի) հայցը, և դատարանն անմիջապես միջանկյալ որոշում կայացրեց՝ Արման Սարոյանին ճանաչելով առաջնորդ, իսկ հարկադիր կատարման ծառայությունը պահանջեց չխոչընդոտել Սարոյանի առաջնորդական գործունեությանը և նրա կողմից (Հայ Առաքելական եկեղեցու) բանկային հաշվից օգտվելուն»,- նշել է արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ դրանից հետո կես տարվա ընթացքում դատարանը վերջնական որոշում չի ընդունել։
Հարցին, թե ինչու Կոստանդնուպոլսի թեմը չի միացել մյուս թեմերի՝ Կաթողիկոսի հետապնդումը դադարեցնելու պահանջներին, Հովհաննիսյանը ենթադրել է, որ նամակը կարող էր ուշանալ։ Արդյոք արքեպիսկոպոս Մաշալյանը Կաթողիկոսի պաշտոնի հավակնորդ է, արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ Գարեգին Երկրորդը ողջ և առողջ է, և նրան մաղթել է երկար տարիների կյանք։
Ամուրիության ուխտը խախտելու մեղադրանքների մասին Նաթան Հովհաննիսյանը խոսել չի ցանկացել՝ միայն նշելով, որ ասել կարելի է ամեն ինչ. «վերջիվերջո, գոյություն ունի անմեղության կանխավարկածը։ Խոսելն հեշտ է։ Մեր ժամանակներում յուրաքանչյուր ոք հեռախոսի միջոցով կարող է արտահայտել իր կարծիքը»։ Ինչ վերաբերում է «Կաթողիկոսի դստեր» գոյությանը, արքեպիսկոպոսը նկատել է, որ «անլուրջ բաներին լուրջ չեն պատասխանում»։
«Հարցը միայն Հայ Առաքելական եկեղեցուն չի վերաբերում։ Միջազգային կոնվենցիաներով ցանկացած եկեղեցի ունի իր ներքին կանոնադրությունը, որի մեջ ոչ ոք չի կարող միջամտել»,- հիշեցրել է արքեպիսկոպոսը։ Նա արձանագրել է, որ իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրում են քաղաքականությանը միջամտելու մեջ, մինչդեռ չեն մտածում, որ իրենք էլ իրենց միջամտությամբ եկեղեցին ներքաշում են դրա մեջ։
Հարցին՝ արդյոք հնարավոր է Կաթողիկոսի պաշտոնանկությունը «քաղաքացիների ճնշման տակ», Հովհաննիսյանն ասել է. «դե, եթե քաղաքացիները գնան դրան...»։ Տարօրինակ հարցին՝ արդյոք չի ստացվում, որ Հայ Առաքելական եկեղեցին դուրս է եկել «ժողովրդի կողմից ձևավորված իշխանության» դեմ՝ «Սրբազան շարժման» միջոցով, արքեպիսկոպոսը կտրականապես պատասխանել է՝ «ոչ»։
Այս ամենով հանդերձ՝ Հայ Առաքելական եկեղեցին պատրաստ է երկխոսության իշխանությունների հետ, եթե նրանք օրակարգից հանեն Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հարձակումները։ «Քրիստոնյայի բարձրագույն պարտքը ներողամտությունն է։ Բայց ներողամտությունն այնտեղ է, որտեղ կա զղջում»,- նշել է Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Կաթողիկոսին չեն հրավիրել խորհրդարանի առաջին նիստին, և արդյոք նա կարող էր գալ՝ ունենալով դրա համար օրենքով ամրագրված իրավունք, արքեպիսկոպոսը ռուսերենով պատասխանել է. չհրավիրված հյուրը թաթարից վատ է։ Ինքն իրեն հարգող մարդը ոչ մի տեղ չի գնում առանց հրավերի, պարզաբանել է Նաթան Հովհաննիսյանը։
Նա նաև հայտնել է, որ վարչապետի կողմն անցած արքեպիսկոպոսներից ոչ ոք չի փորձել հանդիպել Կաթողիկոսի հետ։ Ավելին, նրանց հրավիրել էին Բարձրագույն հոգևոր խորհրդի նիստերին, սակայն հրավերը մնացել է անպատասխան։
Արքեպիսկոպոսն ընդգծել է. Հայ Առաքելական եկեղեցին ՀԷԿ չէ և ոչ էլ մարզադահլիճ, որը կարելի է ազգայնացնել կամ խլել։ Դա մեր ժողովրդի հոգին է, պետության և ժողովրդի մարմինը։ Ազգայնացնել, օտարել չի հաջողվի։
Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին հնչող կասկածներն ու մեղադրանքները, թե որոշները «ԿԳԲ-ի ազդեցության գործակալներ» են, արքեպիսկոպոսը ծիծաղելի է համարել՝ նկատելով, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, ապա ի՞նչ է ստացվում՝ ինքը MI6-ի գործակա՞լ է։ Հովհաննիսյանը նկատել է, որ եթե հետևենք իշխանությունների տրամաբանությանը, ապա իրենք էլ ազդեցության գործակալներ են։ Վերջում, պատասխանելով բարերար և գործարար Սամվել Կարապետյանի աջակցության մասին հարցին, արքեպիսկոպոսը նշել է նրա մեծ վաստակը։
