ՌԴ-ում կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան
Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանի մաքսային ծառայողները կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան․ գրում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը (ԴՄԾ) հղումով։
«29-ամյա ռուս տղամարդը փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել գումարը», – նշվում է հայտարարությունում։
Նրա ձեռքի ուղեբեռում տեսուչները հայտնաբերել են 5 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ ընդհանուր եղել է 16 միլիոն ռուբլի (220․000 դոլար)։
Երիտասարդը բացատրել է, որ գումարը նախատեսված է եղել Հայաստանում մեքենաներ գնելու համար։
«Նա առցանց ծառայության միջոցով ընտրել է մեքենաներ հետագա վաճառքի համար և իր եղբոր հետ պլանավորել է կազմակերպել հետագա առաքումը Ռուսաստան։ Նա նաև հայտարարել է, որ տեղյակ չէ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ կանխիկի արտահանման սահմանափակումների մասին», – հայտնել են մաքսային ծառայությունից։
Դրամական միջոցներն առգրավվել և տեղադրվել են իրեղեն ապացույցների պահպանման պահարանում: Հետաքննությունը շարունակվում է:
