Թունջելի նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Թուրքիայի Թունջելի նահանգի Թունջելի-Օվաջըք ավտոճանապարհին հարող տարածքում՝ Մունզուրի հովտի ազգային պարկի տարածքում գտնվող Վենք գյուղի հարակից անտառային հատվածում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Թունջելի նահանգապետարանի համաձայն՝ կրակի տարածումը կանխելու և այն մարելու ուղղությամբ համատեղ աշխատանքներ են իրականացնում «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD), ժանդարմերիայի, ինչպես նաև անտառային տնտեսության և բնության պահպանության տեղական մարմինների փրկարարական թիմերը:
Նահանգապետարանից նշել են, որ հրդեհը վերահսկողության տակ առնելու աշխատանքները շարունակվում են անընդմեջ, իսկ իրավիճակը գտնվում է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում:
Հրդեհի հասցված վնասների, դրա հետևանքով իրականացված տեղահանությունների և կամ զոհեր-վիրավորների մասին այս պահի դրությամբ տեղեկություններ չեն հաղորդվել:
