Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան և ասմունքող Բաբկեն Չոբանյանը «Դեպի արմատներ» հաղորդաշարի ընթացքում առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանը։
Չոբանյանի խոսքով՝ թեման ժամանակին լայն քննարկումների առարկա է դարձել, սակայն ինքը որևէ պաշտոնական պարզաբանում կամ արձագանք չի ստացել և կարող է միայն ենթադրել, թե ինչն է եղել որոշման պատճառը։
«Մեծ հաշվով՝ ինձ համար միևնույն է, թե պատճառն ինչն էր։ Ես գիտեմ, որ պրոֆեսիոնալ իմաստով որևէ պատճառ չի եղել, իսկ եթե դա քաղաքական է, իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ»,- ասել է նա։
Դերասանի համոզմամբ՝ եթե համագործակցության դադարեցումը քաղաքական պատճառներ է ունեցել, ապա իշխանությունը չի կարող խոսել խոսքի ազատության մասին։
«Եթե պատճառը քաղաքական է, այս երկրում իշխանությունը իրավունք չունի խոսել խոսքի ազատությունից։ Հարմար գտա՝ էլի կարտահայտվեմ, այդ հաստիքներն ու նախագծերը ինձ չպետք է կաշկանդեն որևէ կերպ»,- ընդգծել է Չոբանյանը։
Նրա խոսքով՝ պայմանագրի դադարեցման մասին պարզապես տեղեկացվել է, որ իրեն այլ անձ է փոխարինելու։
