Գերմանիայում «Սաքսոնական Շվեյցարիա» ազգային պարկը փակվել է մահաբեր փոթորկից հետո
Գերմանիայի արևելքում գտնվող «Սաքսոնական Շվեյցարիա» հայտնի ազգային պարկը փակվել է այցելուների համար: Նման որոշումը կապված մարդկային զոհերի հանգեցրած և լուրջ ավերածությունների պատճառ դարձած ուժգին փոթորկի հետ, հայտնում է DPA-ն։
Իշխանությունների փոխանցմամբ՝ մոլեգնած եղանակի պատճառով 28-ամյա տղամարդ է զոհվել․ Ռատեն քաղաքի «Ֆելզենբյունե» բացօթյա թատրոնի մերձակայքում ծառ է ընկել նրա վրա։ Վնասվածքներ է ստացել ևս տասը մարդ, որոնցից երեքի վիճակը ծանր է։ Մոտ 40 մարդ տարհանվել է։
Տապալված ծառերի մեծ քանակի և պահպանվող վտանգի պատճառով փակվել են հայտնի Բաստայ ժայռային համալիրի շրջակա տարածքները, ինչպես նաև Ռատեն, Հոնշտայն բնակավայրերի և Պոլենցտալ հովտի միջև ընկած հատվածները։
«Սաքսոնական Շվեյցարիա» ազգային պարկը գտնվում է Չեխիայի հետ սահմանին՝ Էլբայի Ավազաքարային լեռներում և հայտնի է իր արտասովոր ժայռային կազմավորումներով։ Նրա գլխավոր տեսարժան վայրը Բաստայ կամուրջն է, որը միացնում է ավազաքարե ժայռերը Էլբա գետից մոտ 200 մետր բարձրության վրա։
Օգոստոսի 2-ի առավոտյան արտակարգ ծառայությունները շարունակել են տարածքի մաքրման և փոթորկի հետևանքների վերացման աշխատանքները։
