Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Երեկ, այսօր և հավանաբար նաև մոտակա օրերին հանրային քննարկման կենտրոնում է հայտնվել ՀՀ վարչապետ Փաշինյանի զանգը ՌԴ նախագահ Պուտինին: Որպես կանոն` այս զանգը համեմատում են մի քանի օր առաջ ԵՄ առաջատար լիդերներ Մակրոնի և Մերցի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների հետ: Ինչ կարող եմ ասել: Թերևս ներկայացնեմ մի քանի թեզեր, որոնք կարող են օգտակար լինել քննարկումն առարկայական դարձնելու համար: Առաջին-թերևս ամենակարևորը՝ Մակրոնի և Մերցի հետ հեռախոսազրույցները և ընդհանրապես արևմտյան կողմի հետ բարձր մակարդակի շփումներն ու բանակցությունները վերաբերվում են ամբողջությամբ Հայաստանի ապագային, հայ-ադրբեջանական խաղաղությանը և եվրոպական ինտեգրացիայի լուսավոր և առաջադիմական տեսլականին: Պուտինի հետ հեռախոսազրույցը և ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացումները վերաբերվում են բացառապես ներկային՝ և՛ տնտեսական, և՛ ռազմա-քաղաքական ոլորտներում: Մի դեպքում խոսվում է լուսավոր ապագայի, մյուս դեպքում՝ առևտրատնտեսական սահմանափակումների մասին, որոնք ընդլայնվում են օրերի և ժամերի ընթացքում:
Երկրորդ` Կրեմլից հնչող հանրաքվեի պահանջը պատահական չէ: Սա չի նշանակում ճակատագրական որոշումներից առաջ ժողովրդավարություն: Կրեմլում հաստատ գիտեն, որ համապետական ընտրություններում պարտված, բայց իր կապերն ու ազդեցության լծակները պահպանած ռուսամետ ընդդիմությունը կարող է անակնկալներ մատուցել և համախմբել ռուսական սահմանափակումներից նյութական կորուստներ կրած քաղաքացիներին:
Երրորդ` Երևանի Դիվերսիֆիկացիային և բալանսավորմանը արտաքին քաղաքական և տնտեսական ոլորտներում միանշանակ Մոսկվայում ասում են ոչ, դա անընդունելի է ռուսական ներկա կառավարողների համար, որովհետև Ռուսաստանը պատերազմի մեջ է այն կենտրոնների հետ, որոնց հետ ընտեգրման ուղի է ընտրել Հայաստանի ներկա իշխանությունը: Տրամաբանությունը հետևյալ պարզ հարցադրումն է՝ հնարավո՞ր է արդյոք անդամակցել ռուսակենտրոն ԵԱՏՄ-ին և մյուս կառույցներին և սկսել ինտեգրումը Ռուսաստանի հետ փաստացի պատերազմող ԵՄ-ին և ԱՄՆ-ին:
Չորրորդ` ծաղկի, ձկնեղենի և կաթնամթերքի սահմանափակումներն առաջին ծիծեռնակներն են և Կրեմլից հնչող վերջնական կողմնորոշման ուղերձը ցույց է տալիս, որ սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ ընդգրկելով էներգետիկ և տրանսպորտային/լոգիստիկ ոլորտները: Ռուսական կողմը վստահ է, որ արևմտյան կառույցները այս գործում Հայաստանին օգնելու հնարավորություններ չունեն: Հինգերորդ` Հայաստանում որոշումներ ընդունող կենտրոնների համար մատուցվում են այլ զարգացումների հեռանկարներ, որոնք հնարավոր է տարածվեն ՌԴ-ից եկող տրանսֆերների և ռուսահայ համայնքի վրա»:
