ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ
Եվրամիությունում գիտակցում են, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ երկրում խորը տնտեսական ճգնաժամ կսկսվի, հայտնում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։
«ԱՀԾ-ին ստացված տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում հաշվի են առնում Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը Եվրասիական տնտեսական միությունից Երևանի հնարավոր հեռացման պարագայում։ Միաժամանակ շեշտվում է, որ եվրասիական ինտեգրումից զրկվելու արդյունքում կորցրած եկամուտները թույլ չեն տա ԵԱՏՄ անդամների հաշվին պահպանել դեպի ԵՄ «շարժվող» հայաստանյան իշխանությունների կայունությունը», — նշվում է ԱՀԾ հաղորդագրության մեջ։
ԱՀԾ-ում նաև նշվում է, որ Եվրոպայի շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար՝ ի վնաս ազգային արտադրողների։
«Եվրոպական կառույցներում ընդունում են, որ Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները, որոնք պայմանավորված են հակառուսական պատժամիջոցային քաղաքականությամբ և Ուկրաինայում պատերազմին աջակցելու եվրոբյուրոկրատների մոլուցքային ձգտմամբ, Բրյուսելին հնարավորություն չեն տա Երևանին փոխհատուցել իրենց կրած միլիարդավոր վնասները», — ասված է ԱՀԾ հաղորդագրության մեջ։
