46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Հուլիսի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ «ձախ ակնակապճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկերոջ եղբոր կողմից Մուշականի ամառանոցներում ծեծի ենթարկվելու հետևանքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հ. Կ.-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 17-ին՝ ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, իր 41-ամյա ընկերոջ՝ 46-ամյա եղբայրը մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև հրելով գցել է անկողնու վրա և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից կասկածյալը հայտնաբերվել է Արին Բերդի և Թամանցիների փողոցների խաչմերուկում և ձերբակալվել։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
