Դատարանը Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգեց 2 ամսով
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս 2 ամսով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Մարաբյանը։
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և 2 ամիս ժամկետով երկարաձգել կալանքը։ Միակ բանը, որ դատարանն արձանագրել է, բժշկական օգնության իրավունքն է․ պարտավորեցրել է քննիչին և բոլոր իրավասու մարմիններին ապահովել նրա՝ քաղաքացիական հիվանդանոցում իր բուժող բժշկի մոտ բուժում ստանալու իրավունքը։
Որոշումը նոր եմ ստացել, դեռ չեմ կարդացել, չգիտեմ, թե մնացածը ինչպես է հիմնավորել, բայց իրավաբանորեն կարող եմ պնդել, որ այստեղ քրեական գործ, բառի բուն իմաստով, չկա։ Թե՛ առաջին նիստի ժամանակ ներկայացված միջնորդության, թե՛ այս միջնորդության շրջանակներում մանրամասն վերլուծել ենք ամբողջ մեղադրանքը։ Ընդամենը մեկ օրինակ բերեմ, որպեսզի պատկերացնեք․ անգամ իրավապահ մարմինները չեն կարողանում որոշել՝ ի վերջո սա պետական գաղտնի՞ք է, թե՞ ոչ։ Սկզբում հաղորդում են տալիս, որ գաղտնիք է, հետո ասում են՝ այլ տեղեկատվություն է, այնուհետև որոշում են, որ պետական գաղտնիք է։ Երբ փորձում ենք այս հարցադրումները ներկայացնել և պարզաբանում ստանալ, պատասխան չկա, իսկ դատարանն ընդամենը արձանագրում է, որ այս փուլում չի կարող այդ աստիճան խորությամբ անդրադառնալ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
