Ստեփանակերտը չի ցանկանա, որ ապրիլին ՀՀ-ում ցնցումներ լինեն. Դավիթ Բաբայան
«Հայկական ժամանակ»-ը Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանից հետաքրքրվեց, թե պաշտոնական Ստեփանակերտը ի՞նչ դիրքոշում ունի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ: Մասնավորապես, Արցախում մտահոգվա՞ծ են, թե ապրիլից ով է լինելու ՀՀ վարչապետը, քանի որ ՀՀ-ում 2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, վարչապետի լիազորություններն ընդլայնվում են՝ ընդհուպ մինչեւ Արցախի հարցի բանակցային սեղանի շուրջ նստելը: Բաբայանը «ՀԺ»-ի հարցին ի պատասխան նշեց, որ պաշտոնական Ստեփանակերտը չի ցանկանում միջամտել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի իրադարձություններին, սակայն Արցախում միաժամանակ ցնցումների չեն սպասում: «Ապրիլին պաշտոնական Երեւանի փոփոխությունները չեմ կարծում, որ լինելու են արմատական: Դա, իհարկե, Հայաստանի ներքին քաղաքականության խնդիրն է, Արցախը չի միջամտնում այդ ամենին: Բնական է, որ մենք ուշադիր հետեւում ենք, որովհետեւ չենք կարող անտարբեր լինել, թե Մայր Հայաստանում ինչ է կատարվում, բայց ցանկանում ենք, որ ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով լինի, չենք ուզում ցնցումներ լինեն»,- մեկնաբանեց Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանը:
