Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ահազանգում է․
Հիշողության ապակառուցումը․ արցախյան մշակութային ինքնության ինստիտուցիոնալ ջնջման փորձերը Հայաստանում․ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ որպես «հակապետական քայլ»․
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հետևողականորեն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից արցախյան մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր։ Չնայած միջազգային իրավունքի շրջանակներում առկա հնարավորություններին՝ պետական մակարդակով լիարժեք չեն օգտագործվում համապատասխան մեխանիզմները. չեն նախաձեռնվում գործընթացներ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում և այլ միջազգային հարթակներում, չեն ներկայացվում իրավական հիմնավորումներով զեկույցներ, հաղորդումներ կամ դատական նախաձեռնություններ՝ արցախյան մշակութային ժառանգության դեմ կատարվող խախտումները փաստագրելու, դրանց կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և միջազգային պատասխանատվության մեխանիզմները գործադրելու նպատակով։
Փաստ է, որ խնդիրը չի սահմանափակվում միայն պետական անգործությամբ։ Մտահոգիչ են նաև Հայաստանի Հանրապետության ղեկավարության հրապարակային հայտարարությունները, որոնցով Արցախի հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության պահպանության հարցը ներկայացվում է որպես Ադրբեջանի ներքին գործ։ Նման հայտարարությունները փաստացի թուլացնում են Հայաստանի իրավաքաղաքական դիրքերը և կարող են բացասաբար անդրադառնալ միջազգային հարթակներում հետագա իրավական նախաձեռնությունների արդյունավետության վրա։
Այսպես, պետական մակարդակում ձևավորվում է մի իրավիճակ, երբ միջազգային մեխանիզմների չօգտագործումը զուգակցվում է այնպիսի հռետորաբանության հետ, որը միջազգայնորեն թուլացնում է հենց այն իրավական հիմքերը, որոնց վրա հնարավոր կլիներ կառուցել ապագա պաշտպանական քայլերը։
Այս ընդհանուր անտարբերության ֆոնին հանրային լայն արձագանք ստացան տեղեկությունները, համաձայն որոնց՝ ՀՀ-ում գործող մշակութային որոշ կոլեկտիվների տրվել են ներքին հանձնարարականներ իրենց ստեղծագործությունների անվանումներից հանել «Արցախ» բառը։ Տեղեկությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ՀԿ-ն տեղեկություն ստանալու պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Նախարարության պատասխանում նշվել է, որ նախարարությունը և դրա ենթակայության կազմակերպությունները որևէ գրավոր կամ բանավոր հանձնարարական չեն ստացել մշակութային ստեղծագործություններից կամ պատմամշակութային նյութերից «Արցախ» անվանումը հանելու վերաբերյալ: Նույն պատասխանում հաստատվում է նաև, որ նախարարության ենթակայության հաստատություններում Արցախի խորհրդանիշների ցուցադրման վերաբերյալ որևէ արգելք սահմանված չէ։
Թեև նախարարության պատասխանը պաշտոնապես հերքում է նման հանձնարարականի առկայությունը, հանրային դաշտում շրջանառվող տեղեկությունները վկայում են, որ արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգություններ, այնուամենայնիվ, տեղի են ունենում գործնականում՝ առանձին հաստատությունների ու անհատների մակարդակով, նույնիսկ եթե դրանք չեն բխում պաշտոնական հրահանգից։
Հենց այս համատեքստում, որպես նկարագրված ընդհանուր միտման կոնկրետ դրսևորում, կարելի է դիտարկել վերջերս Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը։
Ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթի աշխատանքների տաղավարից հեռացրել է աշակերտներից մեկի ձեռքով նկարված աշխատանքը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, այն որակելով «հակապետական քայլ»։ Պարզաբանումներ ստանալու նպատակով՝ ՀԿ-ն պաշտոնական գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարանին։ Ի պատասխան՝ քաղաքապետարանը ներկայացրել է «Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի գրավոր պարզաբանումը՝ առանց դեպքի վերաբերյալ սեփական գնահատականը ներկայացնելու։
Տնօրենի բացատրությունը, թե նկարը հանվել է պատից բացառապես ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով (քանի որ այն փակցվել էր առանց տնօրինության հետ նախնական համաձայնեցման), հիմնավոր չի թվում. ցուցադրված աշխատանքը համապատասխանում էր մրցույթի ընդհանուր թեմատիկային, և հեռացվել է հենց միայն Արցախի հուշարձանը պատկերող նկարը, ինչը հարցեր է առաջացնում որոշման իրական դրդապատճառների վերաբերյալ։ Նշանակալից է նաև, որ տնօրենի ներկայացրած պարզաբանման մեջ հուշարձանի պաշտոնական անվան («Մենք ենք մեր սարերը») փոխարեն օգտագործվել է «Տատիկների, պապիկների պատկերը» ձևակերպումը, ինչը դժվար է դիտարկել որպես պատահական լեզվական վրիպում՝ հատկապես կրթական հաստատության ղեկավարի պաշտոնական տեքստում։ Հատկանշական է նաև, որ միջադեպից կարճ ժամանակ անց աշակերտի ուսուցչուհին, չհամակերպվելով կատարվածի հետ, դիմումով ազատվել է աշխատանքից։
Այս դեպքի նշանակությունը դուրս է դպրոցական միջադեպի շրջանակից։ Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում վտանգված է արցախյան մշակութային ժառանգության նյութական բաղադրիչը՝ եկեղեցիները, հուշարձաններն ու պատմամշակութային արժեքները, ապա Հայաստանում առանձնահատուկ ուշադրության կարիք ունի դրա ոչ նյութական բաղադրիչը՝ մշակութային հիշողությունը, պատմական անվանումները, խորհրդանիշներն ու ինքնությունը։ Երկու գործընթացներն էլ, թեև տարբեր դրսևորումներով, ազդում են նույն մշակութային ժառանգության շարունակականության վրա. մեկը՝ ֆիզիկական ոչնչացման, մյուսը՝ հիշողությունից ու հանրային տարածությունից աստիճանական հեռացման միջոցով։
Կարևոր է հասկանալ, որ նման առանձին դեպքերի կուտակումը՝ անկախ նրանից, թե դրանք բխում են կենտրոնացված հրահանգից, թե առանձին պաշտոնյաների նախաձեռնությունից, ձևավորում է համակարգային ազդեցություն. հանրության մեջ աստիճանաբար նորմալացվում է Արցախի մասին լռելու կամ դրա հետ կապված խորհրդանիշներից խուսափելու պրակտիկան։
Մշակութային ինքնության պահպանության իրավունքը միջազգայնորեն սահմանված մարդու իրավունք է, որը բխում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ այլ միջազգային փաստաթղթերում։ Այս իրավունքը որևէ պարագայում չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա։
Հարկ է հիշեցնել նաև, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2023–2027 թվականների մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մշակութային իրավունքների պաշտպանությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, գույքագրումն ու սերունդներին փոխանցումը սահմանվել են որպես պետական առաջնահերթություններ։ Ռազմավարությամբ ուղղակիորեն արձանագրվում է, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ընդհատվել է Լեռնային Ղարաբաղի հայության մշակութային ինքնության փոխանցման բնականոն շղթան։
Հենց այստեղ է ի հայտ գալիս հիմնական հակասությունը. պետական մակարդակով հռչակված քաղաքականությունը և առօրյա գործնական դրսևորումները չեն համընկնում։ Ինչպես ցույց է տալիս երաժշտական դպրոցի օրինակը, առանձին հաստատություններում կայացվող որոշումները կարող են ուղղակիորեն հակասել պետության կողմից ինքն իր առջև դրված նպատակներին՝ առանց դրա համար որևէ պատասխանատվության կամ նույնիսկ պաշտոնական գնահատականի։
Համադրելով վերոնշյալ դրսևորումները՝ միջազգային մեխանիզմների չօգտագործում, ներքին հանրային դաշտում արցախյան խորհրդանիշների աստիճանական մարգինալացումը, առանձին հաստատություններում արձանագրվող կոնկրետ դեպքեր ու մի շարք այլ իրողություններ, ակնհայտ է դառնում, որ խնդիրը համակարգային է և պահանջում է ոչ թե առանձին միջադեպերի արձագանք, այլ հետևողական պետական քաղաքականություն։
Սույնով հրավիրվում է միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների, մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կառույցների, պետական պատասխանատու մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների ուշադրությունը այս հայտարարության մեջ ներկայացված փաստերի և արձանագրված մտահոգությունների վրա։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ Աշոտյան Հերքում․ դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համար Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից Հայաստան են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) Ասեմ՝ կոնկրետ ինչ պատճառով Նիկոլը չի թողնում, որ գերիները վերադառնան․ Սուրեն Սուրենյանց (video) Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից Գեղամ Մանուկյանը բացահայտում է նիկոլական հերթական ստերը (video) Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում․ մարզիչները երեխաներին մարզում են մարզադպրոցի դիմաց (video) Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ» Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը. Աբրահամյան Ինչպե՞ս է Նիկոլը կուշտ՝ ճգնաժամի ժամանակ (video) Տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր». Արտակ Զաքարյան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնյաների գործով քրվարույթն ուղարկվել է դատարան Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել Թուրքիայում անտառային հրդեհներ են Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է․ Լևոն Ազիզյան Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են. «Հրապարակ» Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am