«Ռուսական կողմին ձեռնտու չէ բանակցությունների վերսկսումը». Նարինե Դիլբարյան
«Վաղաժամ է համարել, որ բանակցային փուլում կրակովյան հանդիպումը վճռական բեկում և փոփոխություն մտցրեց»,- այսօր ասաց Նարինե Դիլբարյանը ՄԱՀՀԻ (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ) կազմակերպած քննարկմանը: Բանախոսը շեշտեց, որ, ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս հանդիպումը թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը մեկնաբանել են նույն կերպ, ինչը մատնանշում է, որ ինչ-որ փոխհամաձայնություն տեղի է ունեցել: Նա նաև նշեց, որ եթե մենք սկսենք մշտադիտարկման սարքերի տեղակայումը, ապա դա վճռական բեկում կլինի: ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի լիազորությունների ընդլայնման որոշումը բանախոսը համարեց զգուշավոր քայլ: Անդրադառնալով ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը՝ Նարինե Դիլբարյանը ասաց. «ԵԱՏՄ-ի խոշոր երկրները՝ ինչպիսիք են Ռուսաստանը և Բելառուսիան, ապահովում են Ադրբեջանի շուրջ 74% զինուժի առկայությունը, որի զգալի մասը հարձակողական զենքեր են և կտեղակայվեն շփման գծում: Ռուսաստանի այս մարտավարությունը հասարակության շրջանում առաջացնում է օտարում ռուսական կողմնորոշումից, բայց պետական շրջաններում այդ զգացողությունը չկա»: Բանախոսը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չափազանց ասիմետրիկ որակեց՝ նշելով, որ դա պահպանվում է բոլոր դաշտերում: «Ակնհայտ է, որ ռուսական կողմին ձեռնտու չէ բանակցությունների վերսկսումը»,-եզրափակեց լեզվաբանը: Քրիստինե Աղաբեկյան
