Ավետիք Իսահակյանի «տունը» քանդո՞ւմ են. հնի և նորի խաչմերուկում
«Հուշարձանի այն մասը, որը կառուցվել է 1896 թվականին պահպանվելու է, քանդվելու է 1990 թ և 1976 թ կառուցված մասը»,-երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կառուցապատող «SGI» ինվեստ ՍՊԸ տնօրեն Զորիկ Բալայանը: Ամիրյան 2 հասցեում կառուցապատող ընկերության տնօրենը և ճարտարապետը հավաստիացրեցին, որ իրենք նպատակ չունեն ոչնչացնել բուն պատմական հուշարձանը և քանդում են ընդամենը կցակառույցները: Կառուցապատողն ինքը սխալ տենդենց է համարում այն, որ Երևանը կորցնում է իր հին տեսքը: «Քաղաքը կետեր պետք է ունենա, որ դեմքը չկորչի, այդ կետերը հուշարձաններն են, որոնք պետք է պահպանվեն՝ նորը հնով փոխարինելով»,-ասաց նա: Կառուցապատման ճարտարապետ Իսահակ Ներսիսյանն էլ մատնանշելով շինարարական նախագծերում ներառված դետալները նկատեց, որ առանց կցակառույցների շենքը կդառնա նոր բազմաֆունկցիոնալ համալիր: «Հողատարածքը բարդ է կառուցապատման համար, երկու հատ հանրային նշանակության հուշարձան կա, մեկը Ամիրյան 2-ն է, և բակում էլ կա առանձին մասնաշենք, որը նույն թվականին կառուցվել է որպես արական գիմնազիայի շենք: Բայց շենքը ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների, և շենքի ճակատն է մնացել միայն»,-նշեց նա և հավելեց, որ ուղղակի նոր կցակառույցները նման են եղել հուշարձանին՝ մշակվել է նույն հոգով և սև տուֆ է օգտագործվել: Ճարտարապետը փաստեց, որ նոր լուծմամբ Ամիրյան 2-ի ճակատային մասը կպահպանեն, որը համահունչ կլինի շրջակա միջավայրին, իսկ հնությունը կմնա իր տեղում: Ճարտարապետը տեղեկացրեց, թե նախագիծը հապճեպ չի արվել, իրենք մեկ տարուց ավելի աշխատել են Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման կոմիտեի ներկայացուցիչների հետ միասին: Նշենք, որ հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը իր անվամբ կոչվող գրադարանը համարել է իր երկրորդ տունը: Գրադարանը տարիներ շարունակ գործել է Ամիրյան 2 հասցեում: Աստղիկ Ավագյան
