Քոչարյանը քաղաքական շուկայի մասնակից չի համարվում
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ Ռոբերտ Քոչարյանը չի համարվում քաղաքական շուկայի մասնակից, դրա մասնակիցը լինելու համար պետք է ունենալ լուրջ քաղաքական պարտիա, լուրջ փողեր, կամ լուրջ դիրքեր ունեցող չինովնիկ լինել: «Թեկուզ որոշ շշուկներ կան՝ Քոչարյանը լուրջ ֆինանսական կարողություն ունի, բայց մյուս երկուսից ոչ մեկը նա չունի: Այնպես որ, նրան չեմ տեսնում՝ քաղաքական պայքարի լուրջ մասնակից, բայց դա չի նշանակում, որ այդպիսին չի դառնա, ինչո՞ւ ոչ: Մենք օրինակը տեսել ենք, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տասը տարի տանը նստած գրքեր էր գրում, այգեգործությամբ էր զբաղվում, իսկ հետո վերադարձավ քաղաքականություն: Քոչարյանը բավական երիտասարդ է, էներգիայով լի, ապագայի համար ոչինչ հերքել հնարավոր չէ, բայց այսօր նա քաղաքական շուկայի մաս չէ: Երբ նա հարցազրույցներ է տալիս, ես չեմ հասկանում, թե ինչու են դրանք այդքան քննարկվում»: «Այո, երևի նա խարիզմատիկ մարդ է, ինձ թվում է, որ մեկնաբանները հանձնարարություն պետք է ունենան՝ նկարագրել ռեալ իրավիճակը, իսկ մեկնաբաններ ես անվանում եմ այն մարդկանց, որոնք իրենց քաղաքագետ են համարում»,լրագրողներից մեկի դիտարկմանը՝ երևի խարիզմատիկ կերպար է, նման կերպ արձագանքեց:
