Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Այսօրվա հարցազրույցում շարունակել եմ քննարկել Հայոց ցեղասպանության իսրայելյան ճանաչման հարցը։
Ահա հարցազրույցիս համառոտագրությունը՝ մի քանի հիմնական դրույթներով.
• Ինքնիշխանության բացակայություն. ՀՀ վարչապետի անգլերենից թարգմանված խոսույթը («weaponization»՝ «զենքայնացնել») փաստում է, որ պետական որոշումները ձևակերպվում ու ուղղորդվում են դրսից (0:47)։
• Այն, որ Իսրայելը ՀՀ իշխանությունների հետ չի էլ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, խոսում է մեր ինքնիշխանության կորստի մասին (2:56)։
• Իսրայելը, հավանաբար, այս քայլն անում է Թուրքիայի նկատմամբ որդեգրվող իր նոր քաղաքական ուղեգծի շրջանակներում (0:31)։ Դա բարոյական քայլ չէ, քանի որ Իսրայելը, ամեն կերպ՝ ներառյալ զենք և խորհրդատվություն տրամադրելով, աջակցել է Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմին և Արցախի հայաթափմանը (16:23)։
• Չի բացառվում նաև, որ Իսրայելը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կազմակերպում է մեծ բեմադրություն՝ փորձելով բարելավել Իրան-Ադրբեջան հարաբերությունները և միաժամանակ փչացնել Իրան-Հայաստան հարաբերությունները՝ հեռու գնացող նպատակներով։
• 1991 թվականից ի վեր Հայաստանի ոչ մի իշխանություն Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում սեփական նախաձեռնողական քաղաքականություն չի մշակել (4:05)։ Ներկայիս իշխանությունը որդեգրել է թուրքական այն թեզը, թե Հայոց ցեղասպանության հարցը չպետք է քաղաքականացվի (5:48)։
• Եվրոպան չի կարող փոխարինել Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի շուկաները (26:51)։ Արևմուտքի տրամադրած գումարները մեզ չեն փրկելու (28:48)։
• Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ (29:23)։ Կարող են կատարվել միլիարդավոր դոլարների թուրքական և ադրբեջանական ներդրումներ՝ Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտները գրավելու կամ ոչնչացնելու նպատակներով։ Արդյունքում Հայաստանը կկլանվի քաղաքականապես, տնտեսապես ու ժողովրդագրական առումով (29:33)։
• Ի հեճուկս Փաշինյանի և ՔՊ-ի բարձրագոչ հայտարարությունների՝ Հայաստանը գտնվում է ոչ թե խաղաղության գործընթացի, այլ երկրի լիակատար կապիտուլյացիայի փուլում (23:28)։ Իշխանությունը վախենում է ոչ թե խաղաղության տապալումից, այլ իր աթոռը կորցնելուց (24:00)։
• Խորհրդարանական ընդդիմությունը չունի հեղափոխական ձգտումներ (31:19)։ Սահմանադրական դատարանի արդեն իսկ կանխորոշված որոշումից հետո ընդդիմադիր ուժերը կամ նրանցից առնվազն մեկ-երկուսը վերցնելու են իրենց մանդատները (31:32)։
• Քանի որ Հայաստանի լինել-չլինելու վերաբերյալ ռազմավարական ճշմարտությունը տասնամյակներով թաքցվել է ժողովրդից և զինվորականությունից (34:59), երբ բանը բանից անցնի (օրինակ՝ Տիգրանաշենի հանձնումը) (33:40), ժողովուրդը կարող է փորձել դիմադրել երկրի կործանմանը անկազմակերպ ու տարերային ձևերով (33:17)»։
