ԱՄՆ-ում ծնված բոլոր երեխաները կշարունակեն պահպանել քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունքը. Դատարանը մերժեց Թրամփին
ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ ԱՄՆ-ում ծնված երեխաները շարունակելու են ունենալ քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունք՝ մերժելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությունը։ ԱՄՆ նախագահը դիմել էր դատարան՝ խնդրելով վերանայել ավելի քան 150 տարի գործող իրավական այդ մոտեցումը։ Այս մասին գրում է BBC-ն։
6-3 հարաբերակցությամբ ընդունված որոշմամբ գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտսը նշել է, որ ԱՄՆ-ում անօրինական կամ ժամանակավորապես ներկա գտնվող ծնողներից ծնված երեխաները ծննդյան պահից քաղաքացիներ են՝ համաձայն ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության։
Նախագահ Թրամփը փորձել էր սահմանափակել այդ իրավունքը գործադիր հրամանագրով՝ պնդելով, որ անօրինական ներգաղթյալների և ժամանակավոր ԱՄՆ-ում գտնվողները երեխաները չեն ենթարկվում դրա իրավասությանը և, հետևաբար, չեն կարող ստանալ ծննդյան իրավունքով քաղաքացիություն։
Դատավորներից հինգը, այդ թվում՝ գլխավոր դատավոր Ռոբերտսը, համաձայնել են, որ Թրամփի գործադիր հրամանագիրը հակասում է Սահմանադրության 14-րդ փոփոխությանը։ Դատավոր Բրեթ Քավանոն առանձին կարծիքով նշել է, որ, իր գնահատմամբ, հրամանագիրը խախտում է նաև դաշնային օրենքը։
BBC-ի փոխանցմամբ՝ Truth Social հարթակում հրապարակված գրառմամբ Թրամփը դատարանի որոշումը բնութագրել է որպես չափազանց վատ և հայտարարել, որ շարունակելու է պայքարը՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը օրենսդրական ճանապարհով վերացնելու համար։
«Սահմանադրական երկարատև և դժվարամատչելի փոփոխություն անհրաժեշտ չէ», - ասել է նա։ «Կոնգրեսը պետք է այսօր սկսի աշխատանքը մեր երկրում ծննդյան իրավունքով քաղաքացիությանը վերջ դնելու ուղղությամբ»։
ԱՄՆ-ում 1868 թվականից ի վեր քաղաքացիություն է շնորհվում երկրի տարածքում ծնված բոլոր անձանց։ Այդ իրավունքը ամրագրված է Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ և հետագայում վերահաստատվել է Գերագույն դատարանի մի շարք որոշումներով։
Թրամփի վարչակազմը պնդում էր, որ 14-րդ փոփոխության մեջ օգտագործված «իրավասություն» եզրույթը պետք է բացառի այն անձանց երեխաներին, որոնց ծնողները մշտական բնակության իրավունք չունեն ԱՄՆ-ում։
Դատարանի ինը անդամներից երեքը ներկայացրել են անհամաձայնություն։
Այլախոհ դատավորները, որոշումը բնութագրել են որպես լուրջ սխալ, որը քաղաքացիություն է շնորհում գրեթե յուրաքանչյուրին, ով պատահաբար ծնվել է երկրում, այդ թվում՝ այն անձանց երեխաներին, որոնք ԱՄՆ են գալիս երեխա ունենալու և հետագայում վերադառնում են իրենց երկիր։
X սոցիալական հարթակում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը, որը հայտնի է ներգաղթային ավելի խիստ քաղաքականությանն իր աջակցությամբ, որոշումը բնութագրել է որպես Գերագույն դատարանի պատմության մեջ ամենաավերիչ և ամենաանհեթեթ որոշումներից մեկը։
«Ամերիկյան քաղաքացիությունը աշխարհի բնածին իրավունքը չէ»,-գրել է նա։
