Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին շրջանում հանրային լայն քննարկման առարկա են դարձել Արցախի Հանրապետության պետական միջոցների տնօրինման, պետական մարմինների և պետության կողմից ստեղծված կազմակերպությունների գործունեության թափանցիկության վերաբերյալ բարձրացված հարցերը։ Հասարակության հետաքրքրվածությունն այս թեմաների նկատմամբ բնական է և արժանի է հստակ, փաստարկված ու պատասխանատու արձագանքի։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, կարևորելով հանրային վստահության ամրապնդումը, հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների ապահովումը, աջակցել է արցախյան հասարակական կազմակերպությունների այն նախաձեռնությանը, որի շրջանակներում իմ կողմից հրամանգրվել է ստեղծել բազմակողմ հանձնաժողով՝ ուսումնասիրելու 2023 թվականի հունվարի 1-ից հետո բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունը, այդ թվում՝ պետության կողմից ստեղծված կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը։
Հանձնաժողովում ընդգրկված են օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների և հանրային կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտա ապահովել աշխատանքների առավելագույն օբյեկտիվությունն ու բազմակարծությունը։
Միաժամանակ հարկ եմ համարում արձանագրել, որ վերջին շրջանում տարբեր հրապարակումներով և հայտարարություններով փորձեր են կատարվում առանց փաստական հիմքերի կասկածի տակ դնելու Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունն ու ֆինանսական միջոցների օգտագործումը։ Յուրաքանչյուր հարց պետք է ստանա հիմնավորված և փաստական գնահատական՝ բացառապես ուսումնասիրության արդյունքների հիման վրա, այլ ոչ թե ենթադրությունների կամ չստուգված տեղեկությունների տարածման միջոցով։
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը՝ պարբերաբար հանրությանը ներկայացնելով կատարված աշխատանքի և ստացված արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։
Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատ քաղաքացիներին դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն, նպաստել առողջ հանրային քննարկումների ձևավորմանը և ձեռնպահ մնալ այնպիսի գնահատականներից, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների հեղինակությանը՝ մինչև համապատասխան ուսումնասիրությունների ավարտը։
Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ոչ թե փոխադարձ մեղադրանքների մթնոլորտի խորացումը, այլ ճշմարտության բացահայտումը, հանրային վստահության վերականգնումը և պետական ինստիտուտների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը։
