Ընդդիմադիր պայքարի հոգնեցնող պաթոսը պետք է փոխարինվի իրավիճակի համապարփակ գնահատմամբ․ Բադալյան
ՍԴ-ն այսօր սկսելու է քննել ընտրության արդյունքի վերաբերյալ ընդդիմության ուժերի բողոքը: Իհարկե, Հայաստանում հազիվ թե գտնվի մարդ, որը կասի, թե կա արդյունքը վերանայելու իրատեսական շանս, թե ՍԴ-ն կարող է կայացնել որոշում, որը դեմ կլինի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին ու կարիքներին: Այս մասին գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Այստեղ սակայն, գլխավոր հարցը իհարկե այն չէ՝ ՍԴ-ն դեմ կլինի՞, թե՞ ոչ: Գլխավոր հարցն այն է, թե՝ իսկ որո՞նք են Նիկոլ Փաշինյանի կարիքները, ո՞րն է նրա խնդիրը, նպատակը, անհրաժեշտությունները: Մի կողմից պատասխանն այստեղ պարզ է՝ իշխանությունը, մյուս կողմից սակայն այդ իշխանությունը մեղմ ասած բավականին բարդ վիճակում է, հետեւաբար դրա կարիքները, ռիսկերը, անհրաժեշտությունները ամենեւին միարժեք չեն:
Ես սա չեմ ասում այն նկատառումով, թե այդուհանդերձ ՍԴ-ն կարող է հանկարծ կայացնել ինչ որ անսպասելի որոշում: Ես այս ամենի մասին խոսում եմ այն նկատառումով, որ մենք թերեւս ունենք առկա իրողությունները մի կողմից համապարփակ, մյուս կողմից հանգամանալից գնահատելու կարիք, եթե ուզում ենք ձեւավորել հանրային պայքարի արդյունավետ համակարգ: Իսկ առանց այդ համակարգը կառուցելու, ենք կարող ենք մնալ միայն ընդդիմադիր պայքարի պաթոսի տիրույթում:
Եվ այդտեղ արդեն կարեւոր չէ, թե ինչ շեշտադրում ունի այդ պաթոսը՝ պաթոսով կոչ են անում ընդդիմությանը հրաժարվել մանդատներից ու դուրս գալ փողո՞ց, թե՞ ընդդիմությունն է գտնվում «ռեժիմի վերջը մոտ է» պաթոսի մեջ:
Բոլոր դեպքերում պաթոսը հոգնեցնում է, եթե մարտավարությունից «փոխակերպվում» է երկարաժամկետ վարքագծի եւ «ռազմավարության»»:
