Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը
Ubisoft տեսախաղային ֆրանսիական հսկայի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն մահացել է Ֆրանսիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հայտնում են Le Figaro-ն և Ouest-France-ը։
Նախնական տվյալներով՝ 69-ամյա Գիյեմոն ղեկավարում էր երկշարժիչ Cessna 421 ինքնաթիռը, որը կործանվել է հունիսի 19-ի երեկոյան Լա-Բոլ կոմունայում։ Ինքնաթիռը ընկել է Լա-Բոլի օդանավակայանի մոտ գտնվող ցորենի դաշտում և բռնկվել։ Մահացել է երկու մարդ, այդ թվում՝ Գիյեմոն։
Cessna 421-ը պատկանում էր Գիյեմոյին, որը Լա-Բոլի ավիացիոն ակումբի անդամ էր։ Նա Ռեն քաղաքից մեկնել էր Լա-Բոլ՝ մասնակցելու հանգստյան օրերին նախատեսված ավիաշոուին։ Նրա հետ եղել է նաև 70-ամյա հրահանգիչը, որը նույնպես զոհվել է, գրում է Le Parisien-ը։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Կլոդ Գիյեմոն 1986 թվականին իր չորս եղբայրների հետ միասին հիմնադրել է Ubisoft ընկերությունը։ Նրանք նաև Guillemot Corporation-ի հիմնադիրներն են, որի գլխավոր տնօրենն էր Գիյեմոն։ Նա նաև ընդգրկված էր Ubisoft-ի տնօրենների խորհրդում։ Ներկայումս Ubisoft-ի գլխավոր տնօրենը նրա կրտսեր եղբայր՝ 66-ամյա Իվ Գիյեմոն է։
Ֆրանսիական խաղարտադրող ընկերությանը պատկանում են Far Cry, Assassin’s Creed, Splinter Cell, Watch Dogs, Prince of Persia, Might and Magic և այլ հայտնի խաղաշարեր։ Ubisoft-ի վերջին խոշոր նախագիծը Assassin’s Creed Shadows խաղն էր, որը թողարկվել է անցյալ տարվա գարնանը։
