Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության զարգացումը Թբիլիսիի արտաքին տնտեսական առաջնահերթություններից մեկն է, հաղորդում է Новости-Грузия-ն։
Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր է ամրապնդել իր դերը՝ որպես կարևոր տարանցիկ օղակ Եվրոպայի և տարածաշրջանի պետությունների միջև։
Ամփոփելով Տաջիկստան կատարած այցը՝ Կոբախիձեն նշել է, որ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ կապերի ընդլայնումը Վրաստանին թույլ կտա ավելի արդյունավետ իրացնել սեփական տնտեսական ներուժը։
«Մեր համագործակցության խորացումը Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս գործընթացների շնորհիվ Վրաստանը կկարողանա զգալի առաջընթաց արձանագրել սեփական տնտեսական ներուժի իրացման գործում», — ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ Սև ծով ելքի շնորհիվ Վրաստանը տարածաշրջանի յոթ պետությունները կապում է եվրոպական շուկաների հետ, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում երկրի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացման համար։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Թբիլիսիի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ զարգանում են վերելքային ընթացքով, ինչը կնպաստի Վրաստանի տարանցիկ գործառույթի հետագա ամրապնդմանը։
Կոբախիձեն նաև նշել է, որ պետությունը զգալի միջոցներ է ուղղում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ներառյալ երկաթուղիների և նավահանգիստների արդիականացումը, ինչպես նաև Անակլիայում խորջրային նավահանգստի կառուցումը։
Դուշանբե կատարած այցը տեղի է ունեցել Կոբախիձեի՝ Ղրղզստան կատարած այցից մեկ շաբաթ անց։ Երկու ուղևորություններն էլ դարձել են Վրաստանի կառավարության ղեկավարի առաջին այցերը այդ երկրներ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։
Առաջիկա ամիսներին վարչապետը նախատեսում է այցելել Ղազախստան, իսկ հուլիսին Թբիլիսին սպասում է Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահների այցերին։
