Մենք տեսնում ենք իշխանության ապախոշորացում
«Ամենանշանակալի իրադարձությունը ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ քաղաքական համաձայնագրի ձեռքբերումն էր:Սա առաջին ազդանշանն էր, որ իշխանությունը լրջորեն պատրաստվում է 2017 թվականի ընտրություններին, իսկ ես կասեի՝ անգամ հետընտրական զարգացումներին: Այս կտրվածքով ձեւավորվում են ապագա իշխանության առանցքները: Իշխանությունը դասեր է քաղել անցած նախագահական ընտրություններից, երբ անակնկալի եկավ ընտրողների վարքագծից՝ տեսնելով ընդդիմադիր թեկնածուի հավաքած քվեների թիվը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ն«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում առանձնացնելով մի քանի կարեւոր գործընթաց: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ազատ սուբյեկտներ մնացին, որոնք ո’չ ընդդիմություն էին, ո’չ իշխանություն. «Խոսքը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է: Ըստ էության, այդ ազատության համար ՀՀԿ-ն վճարեց 2014-ին քառյակի առաջացրած սպառնալիքով: ՀՀԿ-ն այժմ հասկանում է, որ նման ազատ ուժեր՝ ազատ վարքագծով եւ հնարավորություններով, չպետք է լինեն, եւ, ահա, փորձում է նաեւ 2017-ի ընտրություններից հետո այլ սուբյեկտների զրկել ինքնուրույն գործելու հնարավորությունից»,-նշեց Սաֆարյանը: Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանում երկրորդ կարեւոր ներքաղաքական իրադարձությունը կառավարման համակարգի փոփոխություններն են. «Նախարարական պորտֆելների տարանջատումը շատերը կապում են բացառապես ստորագրված համաձայնագրի հետ, բայց ես մեկ այլ տարր եմ տեսնում՝ նոր կառավարման պայմաններում այլեւս սուպերնախարարություններ դժվար թե պետք լինեն Սերժ Սարգսյանին եւ ապագա իշխանության տիրոջը: Մենք տեսնում ենք իշխանության ապախոշորացում, որովհետեւ նոր համակարգի ճարտարապետը լավ գիտի, թե արդյոք իրեն պետք են կառավարության կազմում նման խոշոր խաղացողներ»: Ա.Ավագյան
