Ադրբեջանը նորից շանտաժի ռեժիմ մտավ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Ֆրանսիայում է երկօրյա աշխատանքային այցով, որի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի իշխանության ներկայացուցիչների՝ այդ թվում ֆրանսիացի պաշտոնակից Ժան Իվ Լե Դրիանի հետ: Նա քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը՝ վերստին պնդելով՝ «Հայկական զինուժը պետք է դուրս բերվի օկուպացված տարածքներից»: Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ասվում է. «Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը իր պաշտոնակցին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացքի մասին և նշել, որ հակամարտության կարգավորման շրջանակներում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, հայկական զինուժը պետք է դուրս բերվի ադրբեջանական օկուպացված տարածքներից»: Մամեդյարովը հայկական կողմին կրկին մեղադրել է՝ «օկուպացված տարածքներում» սիրիահայեր տեղակայելու, «ադրբեջանական մշակութային արժեքներ ոչնչացնելու» մեջ։ Մամեդյարովը լե Դրիանի հետ զրույցում նաև շեշտել է՝ ներկայիս ստատուս քվոն անկայուն է և անընդունելի: Ադրբեջանցի արտգործնախարարը Ֆրանսիացի պաշտոնակցին նաև հավաստիացրել է, թե Բաքուն «առարկայական, ինտենսիվ և արդյունավետ բանակցությունների կողմնակից է՝ Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման նպատակով» և Մինսկի խմբի միջնորդների հետ կշարունակի աշխատանքն այդ ուղղությամբ»: Ադրբեջանի արտգործնախարարի Ֆրանսիա կատարած այցի առիթն Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակն է։ 1992թ. Ֆրանսիայի դեսպանը դարձավ երկրորդը՝ Թուրքիայի դեսպանից հետո, ով իր պաշտոնական գործունեությունը սկսեց Ադրբեջանում։ Փարիզից Մամեդյարովը կմեկնի Կրակով: Երեկ արդեն Կրակով ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար և ընդգծել, որ ինչպես միշտ հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնակցում բոլոր հանդիպումներին։ Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ուղիներ փնտրել բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների և եռանախագահների առաջարկությունների իրագործման ուղղությամբ, որոնք մասնավորապես վերաբերում են հակամարտության գոտում լարվածության թուլացմանը, 1994-95 թթ. եռակողմ զինադադարի անշեղ պահպանմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։ Նալբանդյանը նշել է, որ եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին, ապա հնարավոր կլինի ճանապարհ հարթել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար: «Բաքուն հաճախ է խոսում թե իբր շահագրգռված է, որ ստատուս քվոն փոխվի։ Ակնհայտ է, որ դրան հասնելու գործնական ճանապարհը հենց վերոհիշյալի իրականացումն է։ Համանախագահները տարիներ շարունակ հայտարարում են, որ իրենց կողմից՝ փուլային իրականացմամբ փաթեթային հանգուցալուծման նպատակով, առաջարկվող սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են հանդիսանում, և դրանից մեկին նախապատվություն տալու փորձերը անհնար կդարձնեն կարգավորումը։ Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի գործնական հունի մեջ դնել կարգավորման գործընթացը», - շեշտել է նախարար Նալբանդյանը։ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները փորձում են թափ հաղորդել բանակցային գործընթացին: Անցած ամռանը Հայաստանն ու Ադրբեջանը բանակցային նոր փուլ սկսեցին, որին հաջորդեց հոկտեմբերին Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը: Սարգսյանն ու Ալիևը հաստատեցին իրենց հավատարմությունը նախկին պայմանավորվածություններին՝ վստահության ամրապնդման և բովանդակային բանակցությունների շուրջ: Սակայն, պաշտոնական Բաքուն Մամեդյարովի բերանով, փաստացի, կրկին նախապայմաններ է ներկայացնում, ինչն, անսպասելի չէ: Բանակցությունները ընթացքի մեջ գցելու միջնորդների ջանքերին Բաքուն պատասխանում է իր ավանդական գործելաոճով: Այլ բան սպասել Ադրբեջանից միամտություն կլիներ: Ադրբեջանն այսօր նախատեսված բանակցությունների նախաշեմին, փաստացի, կրկին ավանդական շանտաժի ռեժիմ է մտնում... Թամար Բագրատունի

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am