Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո
Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Երեքշաբթի օրը Հյուսիսային Ամերիկայում ընթացող ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին խաղում Արգենտինայի ընտրանին 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ալժիրի նկատմամբ։ Մեսսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ և աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով (16 գոլ) հավասարվեց ռեկորդակիր գերմանացի Միրոսլավ Կլոզեին։
«Ամեն անգամ, երբ Մեսսին դուրս է գալիս խաղադաշտ, մնացած ամեն ինչ վերածվում է պատմության և նրբագեղության։ Ժամանակն է դադարել թաքնվել և ընդունել այն փաստը, որ նա բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է:
Նա շարունակում է փայլուն խաղ ցուցադրել յուրաքանչյուր մրցաշրջանում և աշխարհի առաջնությունում: Սա անմոռանալի ու պատմական երեկո էր, որն ընդմիշտ կմնա տարեգրության մեջ»,- բրազիլացի լեգենդի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
