Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am
Վերին Ոսկեպարի պատմությունն անմիջական առնչություն ունի Ոսկեպարի եւ Ներքին Ոսկեպարի (ադրբեջաներեն աղավաղված ձեւը՝ Աշաղը Ասկիպարա) հետ: Երեք գյուղերն էլ կրում են հայկական պատմական Ոսկեպար բնակավայրի հետքերը: Այս մասին գրել է Hetq.am-ը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքում (2013 թ.) նշում է, որ ինչպես Ոսկեպար անվան սկզբնավորման ժամանակը, այնպես էլ միջնադարյան վկայություններ դրա մասին հայտնի չեն: Միաժամանակ նկատում է, որ Ոսկեպար անունը, վստահաբար, դարերի, գուցեեւ հազարամյակների վաղեմություն ունի եւ խորհրդանշում է արգասաբերություն, առատություն: Այս առումով հուշարձանագետը հիշատակում է «ոսկի» արմատով այլ բնակավայրեր Հայկական լեռնաշխարհում, մասնավորապես՝ ՀՀ տարածքում, օրինակ՝ Ոսկեվազ, Ոսկեհատ, Ոսկեվան եւ այլն:
Իսկ ահա ադրբեջանական աղբյուրներն ասում են, թե իբր Ասկիպարա/Էսկիպարա անունը գոյացել է «էսքի» բառից, որը թուրքերեն նշանակում է հին, եւ «փարա» բառից, որը նշանակում է հողամաս, մեկ այլ տարբերակով՝ գյուղ, բնակավայր, այսինքն ընդհանուր՝ հին գյուղ կամ բնակավայր:
Գյուղի տեղափոխությունները. Հին Ոսկեպարից մինչեւ (Նոր) Ոսկեպար
Այն, որ Ոսկեպարը հին պատմություն ունեցող բնակավայր է, ապացուցում են գյուղում եւ դրա մերձակայքում առկա բազմաթիվ հուշարձանները: Ս. Կարապետյանը նշում է՝ հին գյուղատեղիների պահպանված հետքերը վկայում են, որ ներկայիս գյուղը ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով առնվազն 3 անգամ տեղափոխվել է համեմատաբար փոքր տարածության վրա:
Ժամանակի ընթացքում հին գյուղը մասամբ կրկին տեղափոխվել է ու նորից մոտեցել 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցուն. խոսքը գյուղի ներկա տեղանքի մասին է, որի ծայրամասից մինչեւ եկեղեցի մոտ 400 մ է: Հին Ոսկեպարը վերջնական փոխադրվել է 1860-ականներին: Պատճառն, ըստ պատմական աղբյուրի, եղել է այնտեղի օդի վատ որակը: Ընդ որում՝ 19-րդ դարավերջին արձանագրվել է նաեւ ներկայիս Ոսկեպար գյուղի ոչ բարենպաստ օդն ու կլիման:
Հայկական հետքը Վերին Ոսկեպարում
Վերին Ոսկեպար գյուղատեղին Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» (2004 թ.) եւ «Ոսկեպարի պատմական հուշարձանները» (2013 թ.) գրքերում, ինչպես նաեւ այլ աղբյուրներում հիշատակվում է նաեւ Հին Ոսկեպար անունով, սակայն կարող ենք պնդել, որ Վերին/Հին Ոսկեպար գյուղատեղին կապ չունի վերը հիշատակված Հին Ոսկեպարի հետ, քանի որ դրանց միջեւ հեռավորությունն ուղիղ գծով 1,5-2 կմ է, եւ աղբյուրներում այս գյուղերի մասին նկարագրությունները տարբեր են:
Ինչպես են կովկասյան թուրքերը հաստատվել Վերին Ոսկեպարում
Ինչպես վերեւում ասվեց, ըստ Ս. Կարապետյանի, 1720-ականներին հայաթափված Վերին Ոսկեպարում 19-րդ դարի վերջին նստակեցության է անցել ու բնավորվել թյուրքական ցեղերից մեկը: Վերջինիս ներկայացուցիչները եղել են խաշնարածներ՝ հովիվներ: Եկվորների գերեզմանոցը պահպանվել է Վերին Ոսկեպարի արեւելյան հատվածում: Հուշարձանագետը շեշտում է, որ այս գերեզմանոցում արաբերեն ու արաբատառ թուրքերենով (այն ժամանակ կովկասյան թուրքերը չունեին սեփական այբուբենը) արձանագրված ամենահին տապանաքարերը վերաբերում են 1880-ականներին (այլ կերպ ասած՝ գերեզմանոցի առաջացումը խաշնարածների՝ տեղանքում նստակյաց դառնալու վկայություն է):
Տարածքային ենթակայությունը
Ռուսական կայսրության անկումից հետո Ղազախի գավառը բաժանվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Հայկական մասում ձեւավորվեց Դիլիջանի գավառը (1921-1922 թթ. կոչվում էր Իջեւանի գավառ): Երկու երկրների խորհրդայնացումից հետո հողային վեճերը հայկական ու ադրբեջանական բնակավայրերի միջեւ տարածված երեւույթ էին:
Փաստն այն է, որ 1926-1928 թթ. խորհրդային քարտեզներում Հայաստանի տարածքում անկլավներ չեն արձանագրվել, իսկ ահա 1939 թ. քարտեզում կարող ենք տեսնել թե՛ էքսկլավ դարձած Արծվաշենը, թե՛ անկալվների վերածված Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն:
Վերին Ոսկեպարը՝ Ոսկեպարի կազմում
Վերին Ոսկեպարը, ինչպես եւ 2024-ի գարնանն իրականացված սահմանազատման ու սահմանագծման հետեւանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա (Ներքին Ոսկեպար), Խեյրիմլի եւ Ղզլ Հաջիլի գյուղերը ներկայացված չեն Ադրբեջանի Հանրապետության համայնքների ցանկում նշված բնակավայրերի մեջ: Փոխարենը այդ ցանկում կարող ենք տեսնել սրանց հարեւան գյուղերը (Աբասբեյլի, Ալփոուտ, Ֆերեհլի, Ղուշչի Այրում, Մեզեմ), որոնք ներառված են Ալփոուտ համայնքի մեջ:
