Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան
Ռոբերտ Քոչարյանին առանց որևէ հիմքի երկրից դուրս գալն արգելելու հանգամանքը մի կողմում է, օդանավակայանում անցագրայինում նրա տեսագրության տարածումը մյուս կողմում: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
«Եթե չի լինում տեսագրության տարածման համար պատասխանատվության ենթարկվող պաշտոնյա, ապա դա նշանակում է, որ Հայաստանի հանրապետությունում կառավարական բեսպրեդել է, որից չի կարող պաշտպանված լինել և ոչ մի քաղաքացի: Մարդկանց մասնակցությամբ ցանկացած տեսագրություն կարող է դառնալ «հանրային»՝ ըստ կառավարող ուժի կամ դրա առաջնորդի հայեցողության:
Ինձ համար դա իհարկե զարմանալի չէ վաղուց, որովհետև տևական ժամանակ է արձանագրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հաստատում է ավտորիտարիզմ: Այն առայժմ հիբրիդային բնույթի է, բայց կայուն կերպով շարժվում է դեպի դասական ավտորիտարիզմ: Իսկ այդ ժամանակ՝ դուք չեք որոշում, թե արդյո՞ք խանգարում եք «առաջնորդին»: Նա ինքն է որոշում, թե ով և ինչով է խանգարում իրեն»,- հավելել է Բադալյանը:
«Ի դեպ, այս հանգամանքը նաև հարվածում է Հայաստանի ներդրումային գրավչության»,- շարունակել է քաղաքագետը:
«Արհեստական բանականության տվյալների գործարանների մասին տիեզերական քարոզչությունը կարող է մարսելի լինել միայն «արհեստական բանականությամբ» առաջնորդվողների համար:
Մարդկային բանականության համար պարզ է, որ Հայաստանի տնտեսությունը մարդակենտրոն կարող է լինել, եթե ունի այսպես ասած դիվերսիֆիկացված կառուցվածք, եթե արտադրող է, եթե արտահանում է ոչ միայն ԱԲ ծառայություններ կամ արտադրանք, այլ նաև ապրանքներ: Որովհետև այդ տեխնոլոգիական սեկտորը իրենով կարող է արժենալ միլիարդ՝ օրինակ մեկ կգ չիպերի շնորհիվ, բայց ներառել ընդամենը մի քանի տասնյակ մարդու սոցիալ-տնտեսական շրջանակ:
Հարյուրավոր հազարները դուրս են մնում դրանից: Հետևաբար, այդ բևեռացումը թույլ չտալու համար, պետք են ներդրումներ նաև արտադրական այլ ուղղություններում: Բայց, որևէ ներդրող չի գա Հայաստան, չի գա մի պետություն, որտեղ պետական կառավարման համակարգի, անվտանգության ծառայությունների ձեռքի տակ եղած տեսագրությունները կարող են ցանկացած պահին, կոնյուկտուրային ցանկացած պահանջով հայտնվել հանրային դաշտում
Ներդրողը, ի տարբերություն Հայաստանի միջին վիճակագրական սպառողական քաղաքացու, չի երջանկանում Ռոբերտ Քոչարյանին «նստացնելուց», կամ Գագիկ Ծառուկյանին ունեզրկելուց կամ Սամվել Կարապետյանին «բոմժ» դարձնելուց: Ներդրողը այդ ամենից պարզապես պապանձվում է՝ անհեռատես ու ապապետական բնույթից, ու բնականաբար որևէ կերպ գործ չի կարող ունենալ այդպիսի կառավարմամբ պետության հետ:
Մինչդեռ, վայ այն պետությանը, որի հետ գործ ունենալ չի ցանկանա արտաքին ներդրողը»,- եզրափակել է Բադալյանը:
