Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա

Գեղարդ վերլուծական.

Ադրբեջանցի տղաների մոտ ձևավորվել է կանացի բնավորություն․ նրանք կորցնում են առնականությունը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի փոխնախագահ

Գիտավերլուծական հանրությունը սովորաբար շրջանցում է քաղաքական-քարոզչական այնպիսի կառույցները, ինչպիսին «Արևմտյան Ադրբեջան համայնք» պրոյեկտն է։ Այն դիտարկվում է որպես քարոզչության գործիք, հիբրիդային պատերազմի միջոց, իրեդենտիզմի դրսևորում՝ գաղափարախոսական չափազանց շատ աղմուկ, ակադեմիական չափազանց քիչ բարեխղճություն։ Գուցե հենց դրանո՞վ է դա հարմար։

Խոսքն, այսպես կոչված, «հասարակական» կազմակերպության մասին է, որն իբր զբաղվում է 1980-ական թվականների վերջերին Հայաստանը լքած ադրբեջանցիների հարցերով։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» գնալով ավելի ու ավելի է նմանվում նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի քաղաքական ճարտարապետության մեջ ներդրված փակ ակումբի և , ըստ էության, կատարում է երկու հիմնական գործառույթ։

Առաջինը՝ ստեղծում և սնուցում է «Արևմտյան Ադրբեջան»-ի առասպելը, այն է՝ Հայաստանի հորինված անվանում, որը ներկայացվում է որպես «վերադարձի» ապագա տարածք։ Երկրորդը՝ արհեստականորեն շրջանառության մեջ դրված այս թեման նախագծի ղեկավարության համար ապահովում է ֆինանսական ռեսուրս։

Այսինքն՝ կեղծված պատմական հիշողության և «վերադարձի» թեմայի կարգախոսների վրա կառուցված նախագիծը միաժամանակ դառնում է հարմար հարթակ՝ կասկածելի համբավ ունեցող մարդկանց հարստացման համար։ Ղեկավարության կազմում են նախկին պաշտոնյաներ, ռեկտորներ, կոռուպցիոն սկանդալների, դիպլոմների կեղծման, բիզնեսի, տենդերների և վարչական չարաշահումների մեջ թաթախված մասնակիցներ։

Բանաձևը, ինչ խոսք, գրեթե կատարյալ է. հասարակությանը՝ հորինված առասպել և շինծու երազանք, վարչակազմին՝ հիբրիդային պատերազմի գործիք, նախագծի մասնակիցներին՝ բյուջետային գումարներին անվերահսկելի և անհաշվետու հասանելիություն։

Ֆինանսական ենթակառուցվածք. այսբերգի չերևացող մասը

Արտահոսած փաստաթղթերը վկայում են, որ կազմակերպության գործունեությունը սերտորեն և անմիջականորեն կապված է Ադրբեջանի պետական կառույցների հետ։ Կարևոր տվյալներ է հրապարակել «OC Media»-ն 2025 թվականի նոյեմբերի 3-ին։ Ներքին փաստաթղթերի արտահոսքի հիման վրա հրապարակված հետաքննությունը փաստում է, որ նախագահ Ալիևի վարչակազմը համակարգում և ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի առաջխաղացումը, իսկ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նախագծի հանրայնացման միջոց է։

Ըստ հրապարակված փաստաթղթերի և պայմանագրերի՝ միջազգային միայն մեկ համաժողովի վրա («Ensuring the Safe and Dignified Return of Azerbaijanis Expelled from Armenia: Global Context and Just Solution», Բաքու, 2023 թ. դեկտեմբերի 5–6) պետական միջոցներից ծախսվել է ավելի քան 65 000 դոլար (շուրջ 109 000 մանաթ)։ Տվյալների արտահոսքի մեկ այլ դեպք՝ չորս պայմանագրի մասին՝ մոտ 56 000 դոլարի (95 000 մանաթ) չափով, հայտնի դարձավ 2025 թվականին։

Տվյալների արտահոսքի այս դեպքերը ցույց են տալիս, թե հսկայական ինչ ռեսուրսներ ունի նախագիծը։ Եթե առանձին միջոցառումների վրա ծախսվում են տասնյակ հազարավոր դոլարներ, ապա ենթադրել կարելի է, թե ինչքան կկազմի ընդհանուր բյուջեն։

Կարևոր է ընդգծել՝ տարեկան բյուջեների, ֆինանսական հաշվետվությունների և պետական պայմանագրերի ցանկ պարունակող բաց տվյալներ չկան։ Բացահայտված թվերը չեն արտացոլում ողջ տեղեկատվական արշավի համար ծախսված գումարի չափը։ Դրանք ցույց են տալիս միայն արտահոսքերի և լրագրողական հետաքննությունների շնորհիվ հայտնի դարձած մասը։

Կազմակերպության ծագումը և դրա ինստիտուցիոնալ վերագործարկումը

«Արևմտյան Ադրբեջանի համայնքն» իրեն հայտարարեց 1989 թվականից գործող «Ադրբեջանի փախստականների ընկերության» իրավահաջորդը։ 2022 թվականի օգոստոսի 3-ին անվանումը փոխվեց, հաստատվեց նոր կանոնադրություն, իսկ կառույցը ստացավ ընդլայնված ինստիտուցիոնալ փաթեթավորում՝ Ընդհանուր ժողով, Տնօրենների և Վերահսկիչ խորհուրդներ, Ստուգիչ հանձնաժողով և այլն։

Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Մուրվաթ Հասանլի. բիզնեսը և քրեական միջնորդության ստվերը

«Արևմտյան Ադրբեջան» նախագծի ղեկավար կազմում աչքի է ընկնում գործարար Մուրվաթ Հասանլին՝ «օրենքով գողերի և քրեական աշխարհի» հետ ունեցած իր կապերով։ 2021 թվականին մամուլում տարածվեց Հասանլիի մասնակցությամբ բիզնես-նախագծի վերաբերյալ սկանդալային գործի մանրամասներ։ Հետագայում դասընկերոջ հետ ունեցած բիզնես տարաձայնությունները հարթելու նպատակով Մուրվաթ Հասանլին դիմել է օրենքով գող Նադիր Սալիֆովին (քրեական աշխարհում առավել հայտնի Լոթու Գուլի անունով)։

Ահլիման Ամիրասլանով. Ավագների խորհրդի ղեկավարի «դիպլոմների բիզնեսը»

Ավագների խորհուրդը «Համայնքի» խորհրդակցական մարմին է, որը ղեկավարում է Ահլիման Ամիրասլանովը։ Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ նրա ռեկտորության ժամանակ Ադրբեջանի բժշկական համալսարանում ձևավորվել է կոռուպցիոն համակարգ՝ կապված ընդունելության քննությունների, քննաշրջանների և վարչական ազդեցության հետ։ Բուժական ֆակուլտետ ընդունվելու արժեքը, ըստ հրապարակումների, հասնում էր մինչև 100 հազար մանաթի, մյուս ֆակուլտետները ևս ունեին իրենց «սակագները»։

Սա սարկազմ չէ։ «Արևմտյան Ադրբեջան» պետական նախագիծը «ավագի» դերը վստահում է մի մարդու, ում անունը հանրային դաշտում կապվել է կրթության ոլորտում համակարգային կոռուպցիայի հետ։ Ըստ երևույթին՝ նոր ձևավորված հայրենասիրական էթիկայում ղեկավարի համար կարևոր հմտություն է ուսանողներից գումար հավաքելու փորձը։

Դիտորդական խորհուրդ. Միսիր Մարդանովը և կեղծ դիպլոմների վաճառքի տարիները

Դիտորդական խորհուրդը գլխավորում է 1998–2013 թվականներին Ադրբեջանի Կրթության նախարար Միսիր Մարդանովը։ Ինչպես տեղին փաստել է ադրբեջանցի փորձագետ Էթիբար Ալիևը, ոլորտում կաշառակերությունն ընդգրկում էր համակարգի բոլոր մակարդակները՝ մանկապարտեզներից մինչև բուհեր։ 2019 թվականին մեծ աղմուկ բարձրացրեց դպրոցներից կեղծ դիպլոմներ ունեցող մոտ 2500 ուսուցչի հեռացման դեպքը։ Իզուր չէր, որ Մարդանովը համարվում է նախկին այն պաշտոնյաներից, ում անունն ուղղակիորեն կապվում է կոռուպցիայի հետ:

Մտավորականնների խորհուրդ. դիպլոմներ, գրագողություն և «առնական բնավորության» մանկավարժություն

Ենթադրելի է, որ Մտավորականների խորհուրդը պետք է լիներ նախագծի առավել հեղինակավոր հատվածը, սակայն կադրային կազմը ստիպում է դրան նայել ավելի շուտ որպես հետխորհրդային բյուրոկրատիայի «ադրբեջանական թանգարան»։

Խորհրդի նախագահն է Էլխան Հուսեյնովը՝ Սումգայիթի պետական համալսարանի նախկին ռեկտորն ու Թուրքմենստանում Ադրբեջանի դեսպանը։ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին նա ազատվեց ռեկտորի պաշտոնից։ Ինչո՞ւ։ Հուսեյնովի գործունեության շուրջ մեծացել էր հանրային դժգոհությունը․ նա մեղադրվում էր կաշառակերության և կոռուպցիայի, ինչպես նաև՝ համալսարանի երկարամյա դասախոսներին ազատելու և իր մերձավորներին աշխատանքի ընդունելու մեջ, ինչը ներքին լարվածություն էր ստեղծել բուհում։ Ի վերջո, բազմաթիվ բողոքներից և հանրային քննարկումներից հետո նա ազատվեց պաշտոնից։

Նիզամի Ջաֆարովն «Արևմտյան Ադրբեջան» համայնքի «Մտավորականների խորհրդի» փոխնախագահներից է՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ «Արևմտյան Ադրբեջանի» մտավորականության ներկայացուցիչը ծաղրի առարկա դարձավ գրագողության պատճառով։ Սկանդալային էր 2018 թվականին «Ստուգաբանական բառարանի» շուրջ ակադեմիկոս Քամալ Աբդուլլայի հետ բանավեճը, որի ընթացքում մերկացվեց Ջաֆարովի կատարած գրագողության դեպքը։ Մամուլում և հանրային շրջանակներում հաճախ քննարկման առարկա էին դառնում նրա գրական և քաղաքական մեկնաբանությունները։

Փոխնախագահ Ֆառուխ Ռուստամովը՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայտնի դարձավ սեքսիզմի վարպետության իր դասով։ Մամուլը նրան վերագրում է դատողություններ, ըստ որոնց՝ դպրոցներում տղամարդ-ուսուցիչների փոքր թիվը հանգեցնում է «ֆեմինիզացիայի», իսկ ադրբեջանցի տղաների մոտ՝ ձևավորում «կանացի բնավորություն»։ Ըստ Ռուստամովի սենսացիոն հայտարարության՝ Ադրբեջանում ամուսնալուծությունների թվի աճը պայմանավորված է նրանով, որ տղամարդկանց մոտ չի ձևավորվել առնականություն. մանուկ հասակից կանանց շրջապատում մեծացած տղան, դառնալով ընտանիքի գլուխ, չի կարողանում այն կառավարել և, ի վերջո, ամուսնալուծվում է։

Այսպիսին է «Արևմտյան Ադրբեջան» նախագծի մտավորականության դիմագիծը՝ «հեղինակավոր» նախկին ռեկտորը, պրոֆեսոր-գրագողը, գիտությունների դոկտորը, սոցիալական խնդիրները բացատրում է տղաների «ֆեմինիզացիայով»։ Ինչ խոսք, կազմը տպավորիչ է, հատկապես՝ եթե նպատակը ոչ թե անցյալն ուսումնասիրելն է, այլ՝ ներկան դաստիարակելը։

Կանանց խորհուրդ. ընտանեկան հովանավորչություն հանրային առաքելության կարգախոսների ներքո

Կանանց խորհուրդը գլխավորում է պատգամավոր, «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մալահաթ Հասանովան։ Նրա անվան շուրջ հանրային քննարկումները կապված են ոչ միայն քաղաքականության, այլև՝ նրա քրոջ ղեկավարած դպրոց-լիցեյի հասցեին հնչող մեղադրանքների հետ։ Արձանագրվել են աշակերտներից ապօրինի գումարներ հավաքագրելու և չարդարացված պարգևատրումների դեպքեր։ Այս դեպքը բնորոշ է Ադրբեջանի հետխորհրդային կոնֆիգուրացիային՝ քաղաքական կարգավիճակ, ընտանեկան կապեր, կրթական հաստատություններ, ոչ պաշտոնական հավաքագրումներ և խնդրի հանրային ժխտում։

Եզրակացության փոխարեն. միֆը որպես բիզնեսի և հիբրիդային պատերազմի գործիք

Հասկանալի է, որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանը» ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի հետ որևէ առնչություն չի ունեցել և չէր կարող ունենալ՝ ո՛չ որպես պատմաքաղաքական իրողություն, ո՛չ որպես իրավական կատեգորիա, ո՛չ էլ՝ որպես լեգիտիմ պետական հասկացություն։ Սա ոչ թե մոռացված հայրենիք է կամ թաքցված ճշմարտություն, այլ՝ արհեստականորեն ստեղծված առասպել՝ բազմակի օգտագործման քաղաքական հարմարանքներով։

Իրողություն է, որ Ադրբեջանում սա բոլորից լավ են հասկանում։ Հենց դրա համար էլ միֆը հետևողականորեն հանրայնացվում է կայքերի, համաժողովների, ցուցահանդեսների և «թվային հարթակների» միջոցով։

Եթե այն իրականության մեջ չկա, ապա ստեղծվում է վարչական ռեսուրսի ու ֆինանսների ճանապարհով, եթե պատմական հիմքը բավարար չէ, կեղծվում է փողի ուժով, եթե ապացույցներ չկան, գեներացվում են համաժողովների, հոնորարներ ստացող օտարերկրյա հյուրերին կաշառելու, հուշագրերի, քարտեզների և թվային հարթակների միջոցով։

Հենց սա է պարադոքսը։ Պետությունը, որը տարիներով չլուծված է թողնում սոցիալական խնդիրները, միջոցներ և քաղաքական ռեսուրսներ է գտնում հորինված քարտեզը սպասարկելու համար, իրական մարդկանց համար՝ գործազրկություն, կոռուպցիա, կրթության ցածր որակ, միֆի համար՝ հոնորարով համաժողովներ, թանկարժեք հյուրանոցներ, տեղեկատվական արշավներ, միջազգային հարթակներ և «վերադարձի» ՀԿ-ներ։ Սոցիալական խնդիրների, օրինակ՝ նորածինների և մայրության նպաստների համար գումար չկա, իսկ առասպելի համար կա։

Ուստի՝ «Համայնքը» չպետք է դիտարկել որպես հումանիտար կազմակերպություն կամ իբր «փախստականների» իրավունքների պաշտպանության կառույց։ Համայնքի ղեկավար կազմի ընտրությունը պատահական չէ, այլ՝ մշակված մոդել՝ խեղված հեղինակությամբ մարդկանց փակ ակումբ, կաշառակերության գուրուներ, կեղծ դիպլոմներ վաճառողներ, քրեական աշխարհի հաճախորդներ, սեքսիստականներ․․․

Ամեն ինչ ճիշտ է. նման կառույցը հազիվ թե բարեպաշտներից կազմված լիներ։

«Արևմտյան Ադրբեջանը» պատմական հայեցակարգ չէ, այլ հիբրիդային պատերազմի գործիք։ Այն աղավաղում է պատմական հիշողությունը, քողարկված ձևավորում տարածքային հավակնություններ, փորձում մոբիլիզացնել հասարակությունը հորինված «կորսված հայրենիքի» գաղափարի շուրջ։

Խնդիրն անգամ այն չէ, թե արդյո՞ք որևէ մեկը հավատում է «Արևմտյան Ադրբեջան» թեզին, այլ այն է՝ ում է ձեռնտու ադրբեջանական հասարակությանը ստիպել ձևացնել, թե հավատում է դրան։

«Արևմտյան Ադրբեջան» նախագիծը գոյություն ունի ոչ թե պատմության, իրավունքի և աշխարհագրության մեջ, այլ՝ ադրբեջանական իշխանության աշխատասենյակներում, որտեղ առասպելները վերածում են բյուջեների, իսկ բյուջեները՝ Հայաստանի դեմ զենքի։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է Հայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. Գասպարյան Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am