Սյունիքի մարզում «Jeep Compass»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ․ կա 4 զոհ
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց մարմինները հայտնաբերվել են դրսում, տեղում մահացել են, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վոլոդյա Մուրադյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Սարգսյանի, Գորիսի քննչական բաժնի պետ Սևակ Արզումանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։
