Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեղմել այն ֆինանսական բեռը, որը վերջին շաբաթներին ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքով ծանրացել է հայկական ջերմատնային տնտեսությունների վրա։


Խոսքը վերաբերում է կառավարության 2023 թվականի N 1284-Լ որոշմամբ հաստատված՝ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրին։ Նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ իշխանությունները փաստացի ընդունում են, որ «Ռոսսելխոզնադզորի» սահմանափակումները լուրջ հարված են հասցրել Հայաստանի գյուղատնտեսական արտահանողներին։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց հայկական ծաղիկների ներմուծումը Ռուսաստան, հունիսի 2-ից սահմանափակումներ մտցրեց կենդանի ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ, իսկ մայիսի 30-ից արգելեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։

Ռուսական կողմը հայտարարեց, որ միայն 2026 թվականին հայկական բուսաբանական արտադրանքում արձանագրվել է 181 խախտում, հայտնաբերվել են կարանտինային օրգանիզմներ, իսկ Հայաստանի կողմից արտահանվող ապրանքների հետագծելիության համակարգը, ըստ ռուսական գերատեսչության, փաստացի չի գործում։ Բացի այդ, մի շարք հայկական ընկերություններ, ըստ ռուսական կողմի, նույնիսկ հրաժարվել են ստուգումներից։

Այս ֆոնին ուշագրավ է, որ կառավարությունն այժմ ոչ թե փորձում է վերացնել խնդիրների պատճառները, այլ արտահանողների համար լրացուցիչ վարկային արտոնություններ է նախատեսում։

Մասնավորապես, առաջարկվում է․

• վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարուց դարձնել 9 տարի,

• գործող 12-ամսյա արտոնյալ ժամկետը երկարացնել մինչև 18 ամիս,

• փոփոխությունները տարածել նաև արդեն իսկ գործող վարկային պայմանագրերի վրա՝ հետադարձ ուժով։

Այսինքն՝ կառավարությունն ընդունում է, որ բազմաթիվ տնտեսվարողներ կարող են դժվարանալ կատարել իրենց վարկային պարտավորությունները, և նրանց անհրաժեշտ է հավելյալ ժամանակ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր՝ 91.45 հեկտար ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար, իսկ միայն այս տարի կնքվել է ևս մեկ պայմանագիր՝ 5.116 հեկտար նոր ջերմատուն հիմնելու նպատակով։

Մինչ կառավարությունը փորձում է վարկային արտոնություններով մեղմել ռուսական սահմանափակումների ազդեցությունը, Եվրոպական միությունը հայտարարել է Հայաստանին 50 միլիոն եվրոյի տնտեսական աջակցության փաթեթ տրամադրելու մտադրության մասին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռուսաստանի սահմանափակումները բնութագրել է որպես «տնտեսական հարկադրանք» և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին դրանց հետևանքների հաղթահարման գործում։

Ստացվում է, որ Հայաստանի արտահանողներն այսօր հայտնվել են երկու իրողությունների միջև․ մի կողմից՝ ռուսական շուկայի սահմանափակումներն են, որոնցից շարունակում է մեծապես կախված մնալ հայկական գյուղատնտեսությունը, մյուս կողմից՝ եվրոպական աջակցությունը, որը դեռևս չի փոխարինում կորցվող շուկաներին։

Հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ արդեն հնչել է նաև առաջարկ։ Քաղաքացի Լևոն Աղաջանյանը առաջարկել է ծրագրում ներառել դրույթ, որով շահառուները հնարավորություն կունենան մեկ անգամ վերաֆինանսավորել իրենց վարկերը՝ դրանք տեղափոխելով մեկ բանկից կամ ֆինանսական կազմակերպությունից մյուսը՝ պահպանելով պետական սուբսիդավորումը։ Այս առաջարկի վերաբերյալ առայժմ պաշտոնական դիրքորոշում չի հրապարակվել։

Նախագիծը հանրային քննարկման փուլում է մինչև հունիսի 16-ը։ Սակայն փաստը մնում է փաստ․ կառավարությունը ստիպված է վերանայել իր իսկ աջակցության ծրագրի պայմանները, քանի որ Հայաստանի գյուղատնտեսական արտահանումների նկատմամբ կիրառված սահմանափակումներն արդեն իսկ սկսել են հարվածել տնտեսվարողների ֆինանսական կայունությանը։»։

դիտվել է 301 անգամ
Լրահոս
Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք Շովիի ողբերգությունից անցել է 3 տարի Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Արտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել է «Հայփոստը շարունակում է աշխատել վնասով՝ սպասելով պետական ֆինանսավորման»․ Առաքելյան Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Սրբազան Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը․ քաղաքագետ Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք․ 4 ձերբակալված կա Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան Հայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնությունները Ավետ Կոնջորյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Աքյաքա շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական երկաթուղային սահման Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Ովքեր են երկու նոր փոխվարչապետերը «Փողերն առնելու եք ու ու՞ր թռնեք․․․ Ռուսաստանը կոնկրետ հարց է դրել»․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, եսակենտրոն լինելդ էլ ավելի նսեմացրեց քեզ․․․Լարիսա Ալավերդյանի դիպուկ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am