ԱՄՆ-ն Հայաստանին չի վերաբերվում որպես հավասար գործընկերոջ․ ՌԴ ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն Հայաստանին չի վերաբերվում որպես հավասար գործընկերոջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ մայիսի վերջին Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության խարտիա։ Զախարովան նշել է, որ ստորագրված փաստաթղթերից ոչ մեկը միջազգային պայմանագիր չի հանդիսանում և, հետևաբար, որևէ կոնկրետ պարտավորություն չի ստեղծում կողմերի համար։
«Եկեք հարց տանք. արդյո՞ք այսպես են վերաբերվում հավասար գործընկերոջը։ Իհարկե՝ ոչ։ Երբ խոսքը հավասարության մասին է դա չի սահմանափակվում միայն հռչակագրերով, հայտարարություններով, խոստումներով կամ երդումներով։ Խոսքը իրականում միջազգային պայմանագրերում հարաբերությունների պաշտոնականացման մասին է», – գործակալությանը ասել է Զախարովան՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից այս փաստաթղթերի փաթեթի գնահատման վերաբերյալ հարցին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը նախկինում ստորագրել են ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն ԱՄՆ-ի կողմից նախկինում տրված խոստումները երբեք չեն կատարվել։
