«Վայ-վույ» անողները, բնականաբար, չասացին՝ «կներեք, սխալվել ենք»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը վերջերս ասել է, որ պետք չէ պարտադիր նպատակ դնել՝ հոսանքին դեմ գնալու, անհրաժեշտ է պարզապես գնալ այն ուղղությամբ, որը ճիշտ ես համարում: Բիզնեսմենն իրավացի է, միայն թե հաճախ է ստացվում, որ քո ընտրած ուղղությունը հոսանքին դեմ է: Բերեմ պարզ օրինակ: Վերջերս ինչ-որ «հավաստի աղբյուրներ» պարզել են, որ ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանն իր կտակում գրել է՝ իբր իր միլիոնների մի մասը տան Հայաստանին, բայց շրջանցեն Հայաստանի իշխանություններին: Եթե ես գնայի հոսանքին «համընթաց», ես էլ կասեի՝ վայ-վույ, եւս մի ապտակ, ճշմարիտ գնահատական եւ այլն: Բայց ես գիտեմ, որ ոչ մի սոլիդ արեւմտյան գործարար նման բան իր կտակում չէր գրի: Եվ օրերս մեր գործընկեր Հարութ Սասունյանը, որն իսկապես հավաստի աղբյուր է, հաստատեց իմ այդ համոզմունքը: «Վայ-վույ» անողները, բնականաբար, չասացին՝ «կներեք, սխալվել ենք»: «Հոսանքին համապատասխանելու» համար անհրաժեշտ է անել միայն մեկ բան՝ առանց երկար մտածելու, առանց հասկանալու եւ խորանալու մի պիտակ կպցնել որեւէ մարդու կամ երեւույթի՝ պիտակ, որը պարտադրում է մեր դաստիարակությունը կամ գուցե ինչ-որ «հեղինակություններ», եւ հետո արհամարհել բոլոր այն փաստերն ու դատողությունները, որոնք կարող են հակասության մեջ մտնել այն կարծրատիպի հետ: Գորբաչովի 85-ամյա՞կն է՝ քանդեց Սովետը «ցեռեու»-ի հրահանգով: Լեւո՞ն՝ Առաջին, Հիմնադիր, հաղթանակներ, ժողովրդավարության կղզյակ: Կամ հակառակը՝ երկիր քանդող, բռնապետ, «ցրտի-մթի» հեղինակ: Պուտի՞ն՝ կայսերական հավակնություններով խելագար: Կամ հակառակը՝ Ռուսաստանը վերածնած հերոս, բարին մարմնավորող միակ համաշխարհային առաջնորդը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:
