Իսրայելն ընդլայնում է ցամաքային գործողությունը Հարավային Լիբանանում «Դեղին գծից» այնկողմ՝ կատաղի մարտերի ֆոնին
Իսրայելական բանակն ընդլայնել է իր ցամաքային գործողությունները Հարավային Լիբանանում՝ առաջանալով սահմանազատիչ գծից այն կողմ, որն Իսրայելը հաստատել էր լիբանանյան տարածքի խորքում՝ մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ապրիլի 16-ին «Հըզբոլլահի» հետ հրադադարի ռեժիմ հայտարարելուց հետո։ Դրա մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Այսպես կոչված «Դեղին գծից» այն կողմ զորքերի առաջխաղացման մասշտաբների մասին մանրամասներ աղբյուրները չեն հայտնել։
Այս գիծը կապված չէ «Կապույտ գծի» հետ, որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2000 թվականին իսրայելական զորքերի դուրսբերումից հետո Լիբանանի և Իսրայելի միջև սահմանը գծանշելու համար։ Այն Հարավային Լիբանանի խորքում 5–10 կմ ձգվող առաջարկվող բուֆերային գոտու մի մասն է, որտեղ իսրայելցի զինվորականները շարունակում են գործել տասնյակ գրեթե ամբողջությամբ դատարկված գյուղերում։
Այդ քայլն արվել է անդրսահմանային մարտական գործողությունների լարվածության կտրուկ սրման ֆոնին, որոնք նոր թափով բռնկվել են՝ չնայած մի քանի շաբաթ առաջ հայտարարված զինադադարին։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ին սկսված իսրայելական հարձակման հետևանքով տուժածների ընդհանուր թիվը մինչև մայիսի 26-ը հասել է 3213 զոհի և 9737 վիրավորի։
