Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում Զովունի գյուղի գլխավոր ճանապարհին բախվել են 28-ամյա Սերժիկ Պ.-ի վարած «Tesla» մակնիշի և 69-ամյա Աշոտ Ս.-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Հարությունյանն ու պարեկ Արշակ Գրիգորյանը։Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
