Թուրքիայից շարունակում են աջակցության կոչերը Հայաստանի դե ֆակտո իշխանություններին. Գեղամյան
Թուրքիայից շարունակում են աջակցության կոչերը Հայաստանի դե ֆակտո իշխանություններին։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Հերթական թուրք դիվանագետը, ով սատարման խոսքեր է հղել Փաշինյանին, Հալիլ Աքընջըն է, ով հանդիսանում է Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնադիր քարտուղարը։
Տարակուսած թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի սահմանը չբացելու քաղաքականությունից՝ դեսպան Աջընջըն «Cumhuriyet» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է. «Հայաստանի ընտրություններին որպես վարչապետի թեկնածու առաջադրվածների մեջ, բացի Փաշինյանից, կա՞ արդյոք այլ քաղաքական գործիչ, ով հանձն է առել փոփոխել Հայաստանի սահմանադրութունը և այդ հարցում չի խուսափել Սփյուռքին և Եկեղեցուն հակադրվելուց։
Այդ համատեքստում, երբ Ադրբեջան-Հայաստան համաձայնագրի նախնական ստորագրումը տեղի է ունեցել և հստակ որոշվել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է հնարավորինս շուտ բացվի և գործարկվի, արդյո՞ք սահմանային անցակետի բացումը պարզապես ժամանակի հարց չէ։ Եթե այդպես է, ի՞նչ վնաս կա, եթե սահմանային անցակետը բացվի հայաստանյան ընտրություններից առաջ և այդպիսով աջակցություն ցուցաբերվի Փաշինյանին»։
Թե ինչու Թուրքիան սահմանը չի բացելու, բացատրել եմ այստեղ։
Իսկ այս դեպքում արժե հիշեցնել հետևյալ հռետորական հարցս։
Արդյո՞ք նախընտրական շրջափուլում արված այս հայտարարությունները Հայաստանի իշխանություններից և նրանց սատարող շրջանակներից կարժանան նույն այն խիստ ու բուռն քննադատական արձագանքին, ինչին արժանանում են նմանատիպ բովանդակությամբ, բայց արդեն այլ երկրի (օր.՝ Ռուսաստանի) շահերից բխող տարաբնույթ հայտարարությունները։ Հատկապես, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե միայն լրագրողների, այլ նախկին պետական գործիչների հետ, որոնք այսօր էլ որոշակի ազդեցություն ունեն Թուրքիայի քաղաքական շրջանակներում»,-գրել է նա:
