Նախարարը ցանկանում է օգտագործել 2000-ականների սերնդի վերարտադրողական պոտենցիալը
Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, որը նախատեսում է բազմազավակ ընտանիքների աջակցության մեծացում և բնակչության վերարտադրողականության ընդլայնմանն ուղղված միջոցառումներ:Փաթեթը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ առաջարկվում է լրացումներ կատարել «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բուժօգնության և սպասարկման մասին», «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Տարրական մասնագիտական և միջնակարգ մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքներում: Օրինագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված է, որ բազմազավակ ընտանիքներին պետության աջակցության համակարգային միջոցառումների իրականացումը պայմանավորված է Հայաստանի ներկայիս ժողովրդագրական իրավիճակով, մասնավորապես՝ ծնելիության ցածր մակարդակով: Առաջիկա տարիներին ամուսնանալու տարիքի է հասնում մեծ թիվ չկազմող սերունդը, որը ծնվել է 2000-ականների սկզբին, որի վերարտադրողական պոտենցիալը պետք է ամբողջությամբ օգտագործվի:
