ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով 95 միլիարդ դոլարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Գելենջիկում մեկնարկած «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի Կենտրոնասիական 6-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«Միության գոյության ընթացքում ձեռք են բերվել զգալի տնտեսական հաջողություններ, որոնք ցույց են տալիս դրա դիմադրողականությունն արտաքին ցնցումների նկատմամբ։ Ապրանքների, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքը, որն ընկած է միության հիմքում, դարձել է Եվրասիական հնգյակի հիմնական մրցակցային առավելություններից մեկը, տնտեսական աճի շարժիչ ուժը և, հետևաբար, կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու գործիք։ Դրա մասին է վկայում, մասնավորապես, միության ներքին առևտրաշրջանառությունը, որը 2025 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 95 միլիարդ դոլարի», – փոխնախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Գալուզինի խոսքով՝ արտասահմանյան երկրները հաշվի են առնում եվրասիական տնտեսական ինտեգրման դրական արդյունքները և ձգտում են դառնալ ԵԱՏՄ գործընկերներ։
«Օրինակ՝ 2025 թվականին ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, նաև առևտրի ազատականացման համաձայնագրեր կնքվեցին Ինդոնեզիայի, Մոնղոլիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Այս ամենը զգալիորեն ընդլայնում է ԵԱՏՄ երկրների ապրանքների համար հասանելի շուկաների քանակը», – ընդգծել է նա։
ԵԱՏՄ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։
