Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել առաջադրված քաղաքական ուժերի առաջնորդների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է Նիկոլ Փաշինյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն է։ Նշենք, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո։
Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը
Ըստ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից, անշարժ գույք չունի։ Սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։
Փաշինյանի հայտարարագրում առկա է նաև «Իջևանատուն» ՓԲԸ-ին տրված 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն։ Նա ունեցել է 726 հազար 900 դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 477 հազար դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ և 500 դոլար։
