Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց
Արձակուրդում գտնվող, քարոզարշավի մեկնած ՔՊ նախագահ Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը ու որպես վարչապետ հանձնարարականներ տալիս։ Այսօր նա հրահանգել է Պապիկյանին զորացրել դիրքերի կահավորման խնդիրների մասին բարձրաձայնող պայմանագրայինին։
«Զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի», — ասում է պաշտպանության նախարարին Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Ագարակ քաղաքում քաղաքացին մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու բարձրացրել բարձր լեռնային գոտում գտնվող դիրքերի ճանապարհը ձյունից մաքրելու հարցը, մի փոքր էլ ակնարկել աշխատավարձի մասին։
«Ես զինծառայող եմ, 53 տարեկան մարդ եմ, հիմա էլ եմ ծառայում, պոստերի հետ կապված, որ գնում ենք 3540 մ բարձրանում ենք», — ասում է զինվորական ներկայացած քաղաքացին։
Նիկոլ Փաշինյանն ընդհատում է նրան ու պաշտպանության նախարարին փնտրում։
«Մի րոպե հարց տամ նոր», — ասում է քաղաքացին։
«Որ զինվորական ես, մի րոպե զգաստ կանգնիր, նոր խոսի վարչապետի հետ, զինվորականը տենց չի խոսում վարչապետի հետ», — ասում է Փաշինյանը։
Տղամարդը շարունակում է, թե Դուք ասում եք, որ բոլոր բարձր պոստերը հասանելի են։
«Ատեստավորվա՞ծ եք», — հարց է տալիս Փաշինյանը։
Քաղաքացին պատասխանում է, որ ինքը միայն լավ կրակում է, մյուս հարցերին չի կարող պատասխանել, ատեստավորված չէ, թեև 91 թ․-ից՝ առաջին պատերազմից մինչ օրս բանակում է, բայց իր բարձրացրած հարցը ձյան մաքրելու հետ է կապված։
«Ես ուզում եմ, որ գոնե բարձր դիրքերի ճանապարհը մաքրվի, դեպքեր է եղել, մահացու դեպքերի, ձյան ճամփան կտրվել է, տվյալ մահվան դեպքը 5 տարի կամ 6 տարի առաջ է եղել, բայց հարցն այն է, որ ճանապարհը մաքրվի», — ասել է քաղաքացին։
Ինչից հետո Փաշինյանը հանձնարարական է տվել զորացրել տվյալ զինվորականին։
