Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ
Պարենի համաշխարհային գներն ապրիլին աճել են արդեն երրորդ ամիսն անընդմեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ Ըստ CNN-ի՝ գնաճի պատճառը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունն է, որն ավելի է սրել համաշխարհային մատակարարումների հետ կապված խնդիրներն ու բարձրացրել պարարտանյութերի արժեքը։
Ըստ կազմակերպության պարենային գների ինդեքսի, որը հետևում է միջազգային շուկայում վաճառվող հիմնական ապրանքախմբերի զամբյուղին՝ թանկացել են հացահատիկը, բուսայուղն ու միսը, մինչդեռ կաթնամթերքի և շաքարավազի գները նվազել են։
«Չնայած Հորմուզի նեղուցի ճգնաժամով պայմանավորված խափանումներին, համաշխարհային ագրոպարենային համակարգերը շարունակում են դիմակայունություն ցուցաբերել», – նշել է ՊԳԿ-ի գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն։ «Հացահատիկի գները դեռևս միայն չնչին աճ են գրանցել, ինչին նպաստել են նախորդ սեզոնների համեմատաբար մեծ պաշարներն ու բավարար մատակարարումները»։
ՊԳԿ-ն հայտարարել է, որ հացահատիկի համաշխարհային մատակարարումների կայունության պահպանում է ակնկալում մինչև 2026 թվականը, իսկ արտադրության ծավալները, ըստ կանխատեսումների, տարեկան կտրվածքով կաճեն 6%-ով։ Այդուհանդերձ, հաջորդ տարվա ցորենի արտադրության մասով անորոշությունը պահպանվում է, քանի որ Հորմուզի նեղուցի փակումը կհանգեցնի էներգակիրների և պարարտանյութերի գների թանկացմանը։
