Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո»
Գավառի համայնքապետարանը 4 միլիոն 342 հազար 800 դրամի պայմանագիր է կնքել 3 տարբեր կապալառուների հետ՝ ծառայություններ ձեռք բերելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն փոխանցում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։
Պայմանագրերը կնքվել են երեք տարբեր կապալառուների ՝ «Վարդ-1», «Վերտիկալ» և «Շին-Կոմֆորտ» ՍՊ ընկերությունների հետ։
Պայմանագրերից տեղեկանում ենք, որ իրականացվելու են Գավառ համայնքի փոսային նորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ։ Սա իրենից ենթադրում է, որ փոսային նորոգումներն ամենօրյա ռեժիմով հսկվելու են հսկիչի կողմից, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացվում է հսկողական ստուգումներով, բացումներով, հսկողական չափագրումներով, աշխատանքի նախագծային ծավալների ստուգումներով, փորձարկումներով։
Այս աշխատանքներին հաջորդելու են Գավառ համայնքի փողոցների գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ։
Հաջորդ պայմանագրից տեղեկանում ենք, որ Գավառ համայնքի մշակույթի տան շենքի հիմնանորոգման աշխատանքների խորհրդատվության աշխատանքներ են իրականանալու։ Ամենից շատ գումարը տրամադրվել է այս աշխատանքների համար՝ 3 միլիոն 984 հազար դրամ։
Ասել է թե՝ փոսալցումները շատ ավելի էժան են, քան հիմնանորոգման համար խորհրդատվությունը։
