Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
Հայաստանում մի շարք ընկերություններ են ազատվել ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումներն ընդունվել են մայիսի 7-ին՝ Կառավարության նիստի ժամանակ։
Մասնավորապես, մաքսատուրքից ազատվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ճանապարհների շինարարությամբ և շահագործմամբ զբաղվող ընկերությունը։ Վերջինս նախատեսում է ներկրել 160 մլն դրամ ընդհանուր արժողությամբ բեռնատարներ։ Արտոնության չափը կկազմի 24 մլն դրամ։
Գյումրու «Բելիսիմո գրուպ» ընկերությունը, որը ևս ստացել է նմանատիպ արտոնություն, մտադիր է 1,7 մլրդ դրամի ներդրում կատարել մսամթերքի արտադրության համար անհրաժեշտ հումքի և սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Այս դեպքում արտոնության չափը կկազմի 728,6 մլն դրամ։
Արմավիրի մարզի «Պրինտարմ Դանվեստ» ընկերությունը սույն որոշման շրջանակում նախատեսում է թողարկել 22 մլրդ դրամի արտադրանք։ Արտոնության չափը կկազմի 1,1 մլրդ դրամ։
Հագուստի արտադրությամբ զբաղվող երևանյան «ԷՖ-ՏԵԿՍ» ընկերությունը ևս ստացել է նմանատիպ արտոնություն և մտադիր է արտադրել 917 մլն դրամի արտադրանք։ Այս դեպքում արտոնության չափը կգնահատվի 69 մլն դրամ։
Բացի այդ, տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատվել է նաև Կոտայքի մարզի Ակունք համայնքում գործող «Միմո Թրեյդ» ընկերությունը։ Ընկերությունը զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ և վարդերի մշակմամբ։ Հաշվի առնելով նոր մատակարարների հետ կնքված պայմանագրերը՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներկրել 50,7 մլն դրամի լրացուցիչ ապրանքաքանակ։ Մաքսատուրքից ազատման ընդհանուր գումարը գնահատվում է 25,7 մլն դրամ։ Նախատեսվում է վարդերն իրացնել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում (մասնավորապես՝ Ռուսաստանում)։
