«Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր
Ապրիլի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Կապանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 11-ամյա Ա․Ս․-ն է, ում առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ ժամը 12։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 15-ամյա Հ․ Ս․-ն Սրաշեն բնակավայրում տնամերձ այգում բենզինային հող փխրեցնող ձեռքի մեխանիզմով փխրեցման աշխատանքներ կատարելիս եղբորը՝ Ա․ Ս․-ին պատճառել է մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
