Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր հայրենի կառավարությունը մի ուշագրավ որոշում պետք է կայացնի։
Մենք տեղեկացանք, որ նիստում կքննարկվի և, ամենայն հավանականությամբ, կընդունվի որոշում, որով կդադարեցվի Գրիգոր Արթուրի Հարությունյանին տրամադրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը։
Կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ նախաձեռնությունը մշակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի, կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման 12-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի 2026 թվականի մարտի 13-ի հրամանի և ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի համապատասխան գրության հիման վրա։
Հիշեցնենք, որ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1293-Ա որոշմամբ Գրիգոր Արթուրի Հարությունյանին՝ ծնված 2006 թվականի փետրվարի 22-ին, տրամադրվել էր տարկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2028 թվականի ամառային զորակոչը։
Տարկետման հիմքը եղել էր նրա ընդունվելը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում ներառված «Էներգետիկա /ատոմային էներգետիկա/» մասնագիտությամբ, ընդ որում՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար հիմունքներով։
