Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մխիթար Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի գնակիչ Գոռ Ակուլյանին, վերջինս մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեզ պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սպիտակի գազալցակայաններից մեկում։
«Վնասվել է քաղաքացու ծնոտը, ատամնաշարը, աչքը»,-«Իշխանությանը» պատմեց ականատեսներից մեկը։ Մենք փորձեցինք նաեւ մեկնաբանություն ստանալ Գոռ Ակուլյանից, սակայն նա նշեց, որ ի վիճակի չէ խոսել։ Զանգահարեցինք նաեւ ՔՊ-ական համայնքապետին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Ներքին գործերի նախարարությունից «Իշխանությանը» հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել են եւ փոխանցել են Քննչական կոմիտե։ Նախաքննական մարմնից էլ նշեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն մեղադրյալ, ձերբակալված անձ չկա։
